
Ազգային մեր օրացույցը փոխել է շրջապտույտը. գունաթափ հաղթանակներ ու կորստի սրածայր օրեր
Ֆեյսբուքի՝ տարվա այդ օրվա գրառումները հիշեցնելը իսկական փորձություն է և փորձ՝ ունեցածը չմոռանալու։
Ֆեյսբուքը մինչև 2020 թվականը հիշեցնում է ազատագրված հայրենիքում ապրելու բերկրանքի ու ամեն օրը վայելելու մասին։ Ի՞նչն էր ինձ ուրախություն պատճառում. Քարվաճառում տեսած առաջին ձնծաղիկը, Քարվաճառի զմրուխտ կանաչը, առաջին ձյունը, բարձր ու աստղաշատ երկինքը, ոտքով Քարվաճառի գյուղեր հասնելը, տեղի երեխաների հետ բեմադրած ներկայացումները, կարճ ասած՝ կյանքը։
Տարիներ առաջ արված գրառումներս պատմում են լիարժեք ու լիաթոք ապրելու, անձնական ու անանձնական երազելու և հավատ ունենալու մասին։
Հուշերի մեջ մեծ տեղ ունեն տարբեր ազգային տոներին նվիրված գրառումները։ Տարվա առաջին մեծ տոնը ապրիլի սկզբին էր. ըստ նախընտրության՝ ապրիլի 1-5 նշվում էր Քարվաճառի ազատագրման օրը։ Քարվաճառի ազատագրման հստակ օրը վիճելի էր, սակայն անվիճելի էր մի բան. հայոց միջնաբերդն ազատագրված էր ու հայկական։ Ուստի, եթե անկեղծ, ինձ համար ընդունելի էր Քարվաճառի ազատագրման օրվա ցանկացած տարբերակ. կարևորն այն էր, որ այդ օրը կար։ Ընդունելի էր նաև օրը նշելու ցանկացած ձև, չնայած որ այդ ձևը Քարվաճառում ապրելուս ութ տարիներին կրկնվում էր ճշգրիտ նույնությամբ։
Տարիների հեռավորությունից, երբ Քարվաճառի ցեխոտ ու երկար փողոցներն ինձ պարբերաբար հեռավոր երազ են թվում, Քարվաճառի մշակույթի տան սաների անվստահ ու անվարժ ելույթներն ինձ համար աշխարհի լավագույն ազգային-մշակութային միջոցառումներն են։
Հետո գալիս էր Շուշիի ազատագրման փառապանծ օրը։ Այնուհետև՝ Բերձորի ազատագրումն ու Արցախը Մայր Հայաստանին միավորվելու կենսական օրը…
Մեր օրացույցը մեծապես հաղթական էր, հայրենիքի ռազմավարական նշանակության շեների ազատագրման օրերով լի։ Անգամ հիշատակի օրերը ազատագրված հայրենիքում կախված օրացույցներում այլ նշանակություն ունեին. պայքարի, հաղթանակի ու վերածննդի իմաստ։ Ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհելիս ոչ թե կծկվում էիր ցավից ու անզորությունից, այլ ուղղում էիր մեջքդ՝ վստահ լինելով, որ Քարվաճառում ծնված յուրաքանչյուր երեխա Հայոց ցեղասպանության լավագույն պատասխանն է։
2020 թվականի նոյեմբերից հետո Ֆեյսբուքում, այլ սոցիալական ցանցերում ու մեր կյանքում ավելանում են կորուստի օրերը։ Նոյեմբերի 9-ին հանձնվեց Շուշին, մայիսի 9-ին մեր գնալու միակ տեղը Եռաբլուրն է։ Նոյեմբերի 25-ին հանձնվեց Քարվաճառը. Մոնթեի ծննդյան օրը մենք նրա անունը տալու պատիվը չենք թողել մեզ։
Այսօր դեկտեմբերի 12-ն է։ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց Արցախի վերջնական կործանման սկիզբն ազդարարած շրջափակումը։ Ինը ամիս անց Արցախից մնացած պատառիկի վրա արձակված անթիվ ռումբերը որոտացին Արցախի մահախոսականի մասին այնքան բարձր, որ այն լսվեց աշխարհի բոլոր ծայրերում։
Մեր ազգային օրացույցը փոխել է իր շրջապտույտը։ Երազանք ու հավատ տված հաղթանակները գունազրկվել են, շփոթվել, կորել օրացույցում։ Կորուստների մասին պատմող օրերը ցավեցնող սրածայր են՝ կարմիրով ներկված, արնահոտ ու ամոթաբեր։
Ազգային օրացույցը փոխել է իր շրջապտույտը։
Թամարա Գրիգորյան


