
Իսրայելի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի այցելել են Ադրբեջան՝ Իրանի վրա ճնշում գործադրելու ու վախեցնելու համար․ լրատվամիջոցներ
Իսրայելի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը գաղտնի այցելել է Բաքու․ գրում է Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը։
Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական պատվիրակության այցը Բաքու և Rafael հրթիռային համակարգերի հրապարակային ցուցադրությունն անվտանգության ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը գաղտնի գործողությունների փուլից բարձրացրել են հանրային զսպման մակարդակի։
«Մաարիվ» թերթի միջազգային բաժինը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, հաղորդել է Իսրայելի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բաքու գաղտնի այցի մասին։ Թերթի տվյալներով՝ այցի նպատակն էր ամրապնդել երկկողմ ռազմական և անվտանգային համագործակցությունը և ուղերձ հղել Իրանին։
Փորձագետները նշում են, որ նախկինում սահմանափակ և գաղտնի համագործակցությունն այժմ մտել է բաց ցուցադրության և ուղիղ զսպման փուլ, որի հիմնական նպատակն Իրանի վրա ճնշում գործադրելն ու վախեցնելն է։
Իրենց հերթին՝ իրանցի պաշտոնյաները նախկինում զգուշացրել էին, որ երկրի հյուսիսային սահմաններին իրավիճակն անկայունացնելու ցանկացած փորձ կհանդիպի կոշտ արձագանքի, և որ Իրանը չի տատանվի իր ազգային շահերը պաշտպանելու հարցում։


