
Հնդկաստանը կանգնած է Հայաստանի կողքին. ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի բացառիկ մեկնաբանությունները
Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները նշանավորվում են դարավոր բարեկամությամբ և ռազմավարական նոր մակարդակի են հասել հատկապես վերջին տարիներին։ Տարածաշրջանային զարգացումները, կապակցվածության նախագծերը և պատմական խորը կապերը հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման համար․ գրում է «Արմենպրես»-ը։
Հայաստան-Հնդկաստան պատմական կապերը
Հնդկաստանը Հայաստանը համարում է ոչ միայն երկկողմ գործընկեր և Հարավ-արևմտյան Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու իր ավելի լայն տեսլականի մաս, այլև Երևանի հետ հարաբերությունները դիտարկում է պատմական խորը կապերի տեսանկյունից։
Նյու Դելիում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը շեշտեց՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, մենք այդ հարաբերությունները դիտարկում ենք պատմական տեսանկյունից։«Մեզ միավորում են դարերի և հազարամյակների շփումները։ Կցանկանայի հիշել մի պատմություն, երբ անկախությունից հետո առաջին այցի ժամանակ ձեր ղեկավարն ինքնաթիռից իջնելուն պես համբուրեց հողը (խմբ.՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը 1995 թ. դեկտեմբերին)։ Նա ասաց. «Այս հողն այնքան յուրահատուկ է մեզ համար»։ Եվ այսպես, կարող եմ ասել, որ մենք կիսում ենք նույն զգացողությունը», – նշեց պաշտոնյան։
Ռանդհիր Ջայսվալի խոսքով՝ Հայաստանի և Հնդկաստանի բարեկամությունը շատ յուրահատուկ է, և հենց այս պատմական հենքի վրա էլ շարունակում են զարգանալ երկու երկրների հարաբերությունները։
«Չէի ասի, որ մենք դրան նայում ենք երկկողմ կամ ավելի լայն տարածաշրջանային տեսանկյունից։ Մենք դրան նայում ենք մշակութային, ժողովուրդների միջև ուժեղ կապի տեսանկյունից։ Այս հարաբերությունները պատմական խորություն ունեն։ Եվ հենց դա է դրանք դարձնում այդքան յուրահատուկ», – նշեց խոսնակը։
Տարածաշրջանային դաշինքները և Հնդկաստանի դիրքորոշումը
Միևնույն ժամանակ, Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման, Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ֆոնին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններն ավելի ու ավելի են զարգանում՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


