
Մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել ինքնակամ կառույցները
Եվս մեկ հնարավորություն․ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել առկա ինքնակամ կառույցները․ տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից։
«2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս օրինականացման ենթակա չէր:
Ինքնակամ կառույցների հաշվառման կարգով սահմանված ժամկետների ընթացքում Կադաստի կոմիտեի տեղեկատվական շտեմարան էր ներմուծվել մոտավորապես 70.000 ինքնակամ շինություն:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
2021 թվականին իրականացվել է նաև ՀՀ ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում, լուսանկարները ինտեգրվել են կադաստրային քարտեզին: Այդ ամենը տեղադրված է Ազգային գեոպորտալում:
Թովմասյանը հավելել է, որ բնակչության մի հատված տարբեր պատճառներով չէր հասցրել հաշվառել ինքնակամ կառույցները, կոմիտեում ստացել էր բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցով պայմանավորված էլ առաջարկվում է օրենսդրական նոր կարգավորումը:
Կոմիտեի ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին` օրենքն ընդունվելուց հետո հաշվառման համար անմիջապես դիմել որակավորված մասնագետներին և չսպասել վերջնաժամկետի ավարտին»,- ասված է հաղորդագրությունում:


