16 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջրի խնդիրը՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության արդարացում

Ջրի խնդիրը՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության արդարացում

Ջրային պաշարների շահարկմամբ Արցախի հարցի «լուծման» ադրբեջանական պետական քաղաքականության սկիզբը կարող ենք համարել 2012 թվականը, երբ Բաքուն սկսել է ակտիվորեն առաջ մղել հակահայկական «ջրային» քարոզչությունը․ այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» վերլուծական կենտրոնը։

«Բաքուն հայկական կողմին մեղադրում է Արցախի, Տավուշի ու Սյունիքի հատվածներում ջրային ռեսուրսները դեպի Ադրբեջան «արգելափակելու», ադրբեջանական բնակավայրերն «առանց ջրի թողնելու» և, որ առավել ուշագրավ է, Սևանա լիճը «միայնակ օգտագործելու» համար։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Արցախի 9 ջրամբար և 30 ՀԷԿ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բացի այդ, 2021-23 թթ․ ադրբեջանական զորքերն օկուպացրել են Սև լճի, Ալ լճերի, Սևանա լիճը սնուցող աղբյուրների ակունքները։

Այսքանից հետո՝ արտաքին լսարանին ուղղված հրապարակումներում Բաքուն սրտնեղում է, թե Հարավային Կովկասի ջրային պաշարների փոքր մասն է միայն իրեն բաժին ընկնում։ Այդ երկրի խորհրդարանի Բնական պաշարների, էներգետիկայի և էկոլոգիայի հարցերով կոմիտեի նախագահը նշել է, թե Հարավային Կովկասի ջրային պաշարների 62 %-ը բաժին է ընկնում Վրաստանին, 28 %-ը՝ Հայաստանին, և միայն 10 %-ն՝ Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ տարածաշրջանի խմելու ջրի ամենախոշոր աղբյուրը Սևանա լիճն է, ըստ այդմ՝ ձևակերպումը ենթադրում է նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

2022-ի տվյալներով՝ հարևան երկրներից Ադրբեջան մուտք գործող ջրային ռեսուրսները կազմում են 19-20.3 կմ3: Ջրի տարեկան միջին ծավալն այդ երկրում 36 մլրդ մ3 է, սակայն ընդամենը 12 մլրդ մ3 է օգտագործվում: Բնական պաշարների միջազգային ինստիտուտի (WRI) կանխատեսմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքով աշխարհի երկրների 1/5-ում մինչև 2040 թվականն ի հայտ կգան ջրի հետ կապված խնդիրներ, և Ադրբեջանի տարածքը նույնպես չորացման վտանգի սպառնալիքի առջև է:

Ադրբեջանական մամուլը 2024-ին շարունակել է ահազանգել մայրաքաղաքում և հարակից շրջաններում ջրի խնդրի առկայության մասին: Կան վկայություններ, որ Ադրբեջանում մի շարք ջրամբարներ ու լճեր յուրացրել են օլիգարխ պաշտոնյաներ, ու դրանք ծառայում են մասնավոր շահերի:

Փաստորեն՝ Ադրբեջանը, չնայած իրավիճակի վատթարացման կանխատեսումներին, իրականում ունի բավարար ջրային պաշարներ, մինչդեռ երկրի հասարակ բնակչությանն այդ ռեսուրսները հասանելի չեն։ Փոխարենը՝ Բաքուն ռազմաքաղաքական նպատակների համար շարունակում է շահարկել «ջրի խնդիրը»՝ ԵԽԽՎ բանաձևերով, զեկույցներով ու մեղադրանքներով արդարացնելու Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան»,- նշված է հոդվածում։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Հ․Գ․ Լուսանկարում օկուպացված Արցախի Սարսանգի ջրամբարն է։

 

 

Ռազմագերիներ