16 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բարիդրացիական եմ ասել, կատակ էր. Ռուբեն Բաբայանը` Միքայել սրբազանին առնչվող հայտարարության մասին

Բարիդրացիական եմ ասել, կատակ էր. Ռուբեն Բաբայանը` Միքայել սրբազանին առնչվող հայտարարության մասին

Տիկնիկային թատրոնի տնօրեն, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը ABC Media-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Միքայել սրբազանի հասցեին հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը։ Նա առաջարկել էր «ամբախ-զամբախ» խոսելու համար ոչ թե ազատազրկել, այլ ճիպոտոհարել։ Դրանից հետո քննադատության ալիք էր տարածվել. մեղադրում էին բռնության կոչ հնչեցնելու համար։

-Պարո՛ն Բաբայան, հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում արտահայտել եք Ձեր կարծիքը, որակումներ եք տվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արտահայտած մտքերին։ Դրանից հետո ձեզ մեղադրում են բռնության կոչ անելու համար։ Միքայել սրբազանն էր հարցազրույց տվել և այժմ ազատազրկված էլ հարցազրույցի հիմքով։ Հայաստանում խոսքի ազատության նմանօրինակ դրսևորումն ինչպե՞ս եք գնահատում։ 

-Խոսքի ազատությունը կարծիքի ազատությունն է։ Ես հումոր եմ արել, Սրբազանը հումորով չի ասել, չէ՞։

-Չեմ կարող նման պնդում անել։

-Եթե խոսքը գեներալներին զանգելու և այլնի մասին է, դա հումորո՞վ է ասված։

-Պարո՛ն Բաբայան, չեմ կարող Սրբազանի փոխարեն պնդել կամ հերքել իր խոսքի բնույթը։

-Նա հումորով չի ասել, ես հումորով եմ ասել, որովհետև իմ ամբողջ կյանքում երբևիցե բռնության կոչ չեմ արել, ավելին՝ որևէ մեկին երբևէ չեմ վիրավորել, անկախ նրանից, որ ինձ բազմիցս վիրավորել են։

-Կարծում եք Սրբազանն է՞լ էր իր հարցազրույցում բռնության կոչ արել։

-Ես չեմ գնահատում, որ նա պիտակավորել է, ավելին՝ ասել եմ, որ երկու տարի կալանքը անհամաչափ է իր արած հայտարարություններին։ 

Ես համարում եմ դա ամբախ-զամբախ խոսակցություն, ես դրան լուրջ չեմ վերաբերվում։ Հակառակ դեպքում ես կասեի՝ այո, ճիշտ որոշում է կայացրել դատարանը։ Խոսել եմ միայն այդ դեպքի մասին, որովհետև մնացածի դատը դեռ չի եղել, իսկ քանի դատը չի եղել՝ մարդը համարվում է անմեղ։ Ասել եմ, որ դատարանը կարող էր լինել ավելի մեղմ, մենք ունենք տուգանք, տնային կալանք և հազար ու մի ձև, որոնք չեն առնչվում մարդուն ազատազրկելու հետ, կալանավորումն ամենածանր պատիժն է։ Ես սա եմ ասել, ու ասել եմ լրիվ բարիդրացիական։ Ու հիմա ինձ փորձել դնել բռնություն քարոզողի, բռնության կոչ անողի տեղ՝ սխալ է։ Մարդու էությունն իր ապրած կյանքով է որոշվում, երբևիցէ նման կոչ, վիրավորական կոչ՝ որևէ մեկի հանդեպ չեմ արել, սա բավական չէ՞, որ իմ ասածն ընկալվի որպես հումոր։ Ես երևի սխալվել եմ, որովհետև ես կարծել եմ, որ .․․ ես հին երևանցի եմ, այս քաղաքը հումորով քաղաք էր, ամենամեծ բացասական փոփոխությունն այդ հումորի բացակայությունն է մեր կյանքից, իսկ հումորը կյանք է։ 

-Հանրությունը հումորը չի՞ ընկալել:

-Հանրությունը տարբեր է, միանշանակ չի, այո՛ բազմաթիվ մարդիկ չեն ընկալել։ Ես չեմ ուզում լինել բաժանարար գիծ։ Եթե համարում եք, որ իմ արած արտահայտությունը սպառնալիք է՝ դիմեք դատարան, ես պատրաստ եմ։ Դատարանը արդարություն հաստատող օրգան է, և ես պատրաստ եմ պատասխան տալ, բացատրել, եթե որևէ մեկն այդպես է ընկալել։ Ես կարծում եմ, որ կան որոշակի շահարկումներ՝ մարդկանց համար թյուր կարծիք ստեղծելու։ Ես չեմ կարծում, որ մարդիկ, մանավանդ այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, բայց հայացքներս չեն կիսում,  չեն հասկացել, որ կատակ եմ արել, հասկացել են, բայց փորձել են այլ կերպ ներկայացնել։ Ես հիմա  բոլորին չեմ բացատրելու, որ ուղտ չեմ։

-Գուցե հոգևորականի` Սրբազանի մասին հումո՞րը հանրությունը ընդունելի չի համարել։

-Ինչու՞ չի ընկալում։ Ի՞նչ անենք, որ հոգևոր առաջնորդներ են, դեռ միջնադարում, երբ եկեղեցին ավելի ազդեցիկ դեր ուներ էլի հումոր անում էին` «Դեկամերոնը» կարդացեք։ Այնպես չէ, որ կա ինչ-որ խավ, որի մասին չի կարելի հումոր անել։

-Կարծում եք՝ «Դեկամերոնը» համեմատելի՞ է մեր իրականության հետ։

-Հանրությունը լիքը բան չի ընկալում, ի՞նչ անենք, գնանք էդ հանրության հետևի՞ց։ Դրա համար ես չեմ համարում ինձ այդ հանրության մի մաս։

-Դուք մտավորական եք։

-Ես Ռուբեն Բաբայանն եմ, ես կատակել եմ այնպես, ինչպես ես եմ գտել հարմար։ Ամեն մտավորական ունի իր մոտեցումները։

-Հանրությունն էլ ակնկալիքներ ունի բոլոր մտավորականներից։

-Ակտիվ հանրությունը, որը զբաղված է ֆեյսբուքում վիրավորելով ու պիտակավորելով, ուզում է, որ մտավորականի կարծիքը համապատասխանի իր կարծիքին։ Կարծում եմ, որ մտավորականը հենց դրանով է հետաքրքիր, որ իր կարծիքը հաճախ չի համընկնում հանրության կարծիքի հետ։

-Հայաստանում ստեղծված իրավիճակում մեր մտավորականները ինչպե՞ս պիտի դրսևորեն իրենց, ինչպիսի՞ կեցվածք պիտի ընդունեն, այդ կեվցածքը համարժե՞ք է մեր իրականությանը, այսպե՞ս պիտի լիներ։

-Ես չեմ կարծում, որ գոյություն ունի մտավորականներ հասկացություն։ Մտավորականը եզակի է լինում, դրանով է մտավորական համարվում, որ նա ոչ թե ներկայացնում է որոշակի դաս, այլ յուրաքանչյուրն ունի իր աշխարհայացքն ու մոտեցումը։ Մտավորականը շփոթում են արվեստագետի հետ, մտավորական կարող է լինել բժիշկը, ինժեները, զինվորականը։ Ում է համարում հանրությունը մտավորական, ում՝ չէ, հանրության գործն է։ Ես չեմ հարմարվում հանրային կարծիքին։ Ես Ձեզ անկեղծ կասեմ, հաճախակի չեմ խոսում, բայց անկեղծ կասեմ՝ շատ ավելի հեշտ է ըմբոստանալ իշխանության կամ ընդդիմության դեմ, քան հանրային կարծիքի։ Հանրային կարծիքի դեմ արտահայտվելը պահանջում է խիզախություն։

-Ինչպե՞ս եք վերաբերվում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։

-Եկեղեցին չպիտի խառնվի պետական գործերի մեջ, պետությունը՝ եկեղեցական։ Եկեք անկեղծ խոսենք, եկեղեցին խառնվու՞մ է պետական գործերի մեջ, խառնվում է, չէ՞։ Որ եկեղեցին ազգապահպան կառույց է, ով անհանգստացած է հայրենիքով՝ դեմագոգիա է։ Ոչ ոք չի ասում՝ ես խառնվում եմ, որովհետև շահ ունեմ։ Բոլորը պնդում են՝ ազգապահպան գործունեություն են ծավալում, նույնն էլ կուսակցությունները։

-Կուսակցություններն ու եկեղեցին նույն հարթությունու՞մ են։

-1724 տարվա եկեղեցու պատմության մեջ միշտ եղել են և՛ լուսավոր կետեր, և՛ սև կետեր. այնպես չէ, որ միայն լուսավոր են եղել։ Եկեղեցին նորմալ ինստիտուտ է, որի շարքերում նորմալ մարդիկ են եղել։ Հորդորում եմ հոգևորականներին չենթարկվել քաղաքականության ամենադաժան ու ամենակեղտոտ օրենքներին։ Դրա համար է կոչ արվում եկեղեցուն՝ չխառնվել պետական գործերին, որ մնա մաքուր։

-Իսկ պետությո՞ւնը․․․

-Պետությունն էլ չպիտի խառնվի, մեր պարագան մի քիչ հակառակն է՝ սկզբում եկեղեցին է խառնվել։

-Եկեղեցին ո՞ր հայտարարությամբ է խառնվել պետության գործերին։

– 44-օրյա պատերազմից հետո, եթե պատերազմից հետո հրաժարականի կոչը կարելի էր հասկանալ էմոցիոնալ, ապա 2021 թվականի ընտրությունը ցույց տվեց, որ եկեղեցին շատ ակտիվ մասնակցում է պետության գործերին։

Ռազմագերիներ