
Մեղրիի անցակետում Թուրքիայի քաղաքացու բեռնատարից հայտնաբերվել է 161 կգ հերոին․ տարանցման փորձը կանխվել է
Օրերս «Ագարակ» սահմանային անցակետի աշխատակիցները զննել են ԻԻՀ-ից ՀՀ ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը․ տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«Կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի քաղաքացու բեռնատարի կցորդի առջևի մասում գաղտնարան կա։ Մաքսային զննումից հետո նշված բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթ՝ լցված «հերոին» տեսակի թմրամիջոցով։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.Ա.-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
ՀՀ ՊԵԿ աշխատակիցները պարզել են, որ նշված 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստան։
Ներկայում ՊԵԿ մաքսային ծառայողներն ու Քննչական կոմիտեի աշխատակիցները ձեռնարկում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների տեղափոխումը կազմակերպած բոլոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։


