31 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է հասկանալ՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ նախկինում համագործակցողը երկրին օգո՞ւտ է տվել, թե՞ վնաս․ Սերժ Սարգսյանը՝ ԱԱԾ հրապարակած թղթի մասին

Պետք է հասկանալ՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ նախկինում համագործակցողը երկրին օգո՞ւտ է տվել, թե՞ վնաս․ Սերժ Սարգսյանը՝ ԱԱԾ հրապարակած թղթի մասին

Խորհուրդ եմ տալիս լուրջ չվերաբերվել իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, հիշո՞ւմ եք 10 մլն ծառի պատմությունը, 44-օր հաղթում ենքը և այդպիսի 10, 15, 20, 30 պատմություն կարող եմ բերել․ այսպես է արձագանքել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանից բենզին ներմուծելու և շուկան դիվերսիֆիկացնելու մասին իշխանության հայտարարություններին։

«Դիվերսիֆիկացիան այլ հասկացություն է, թող փորձեն, կտեսնենք»,- դատարանի բակում լրագրողներին ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, թե ծանոթ չէ Էդմոն Մարուքյանի՝ համախմբվելու մասին հայտարարությանը, փոխարենն այդ հարցով քննարկում է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ Ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

«Նրա հետ հանդիպել եմ, քննարկել ենք դրույթները, որոնք նաև նա շարադրել է գրավոր, վաղուց ծանոթ եմ։ Կարևորը հայտարարություն անելը չէ, կարևորն այն է, որ բոլորը գիտակցեն, որ տակից, կողքից կամ բացահայտ իրար չքննադատեն, թե չէ եթե առավոտից երեկո պետք է մեզ քննադատեն, գնանք էդ մարդկանց հետ ի՞նչ խոսենք»,- ասել է Սարգսյանը։

Երրորդ նախագահն անդրադարձել է նաև ԱԱԾ հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝  Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԽՍՀՄ ԿԳԲ-ի գործակալ է եղել։

«Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ո՛չ նախագահ եղած ժամանակ։ Ընդհանրապես նախկին ծառայակիցներս կարող են հավաստել՝ երբեք չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, առավել ևս՝ ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ հատուկ ծառայությունների հետ։

Դրա իմաստը չեմ տեսնում, ենթադրենք՝ մեկը  համագործակցել է ԽՍՀՄ ծառայությունների հետ, բայց նրանք, ովքեր դա բացասական բան ենք համարում, արդյոք գիտեն՝ ո՞ր ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե կոնկրետ հետախուզության ուղղությամբ է համագործակցել, երկրին օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս է տվել։  Պետք է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների, եթե դա չի լինում, ուրեմն այլ, ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,- ասել է նա։

Անդրադառնալով Կայա Կալասի՝ ընտրությունների նախաշեմին ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանն արձագանքել է․ «Կալասը հայտարարեր, թե ոչ, մենք տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունն այսօրվա կառավարիչներին»։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026