
9 ժամ 19 րոպե․ վաղը կլինի տարվա ամենակարճ ցերեկը
Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը, որը կձգվի մինչև գարնանային գիշերահավասար․ Facebook-ի իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր, և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը:
Երևանում արևածագը կդիտվի 08:20-ին, արևամուտը՝ 17:39-ին, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե:
Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, ինչից հետո ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել՝ մինչև տարեվերջ Երևանում ավելանալով 3 րոպեով»,- նշել է նա:


