
Ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա․ ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցման՝ փոխանցել են ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, մոտ մեկ ամիս առաջ էր հայտնել՝ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ:
Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի, առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետներն ու պարզաբանել՝ գործադիրում նախապատրաստվո՞ւմ են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։
ԱԳՆ-ից այսպես են արձագանքել․ «Նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ` մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման և «Օրբելի. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Թուրքիայի նախագահի հնարավոր այցի և 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի` նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում»։


