
Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից. Sputnik Արմենիա
Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն վեց բնակիչ, Sputnik Արմենիայի տվյալներով, մինչ օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։
Ավելի վաղ` սահմանազատման գործընթացի շրջանակներում, Կիրանց գյուղի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը և ավելի քան 50 հատ` տարբեր չափերի հողատարածք, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հայաստանի իշխանություններն այս գործընթացի շրջանակներում մարդկանց փոխհատուցում առաջարկեցին այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն, մեր տվյալներով, ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել վերցնել այն՝ չհամակերպվելով ՀՀ կառավարության գործողությունների հետ։
Մենք մի քանի հարցով դիմել էինք Տավուշի մարզպետարան, մասնավորապես՝
- Քանի՞ տուն և հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Կիրանցի հատվածում։
- Քանի՞ քաղաքացու էր հասնում փոխհատուցում։
- Նրանցից քանի՞սն են այն ստացել։
- Որքա՞ն է փոխհատուցման նվազագույն և առավելագույն գումարը։
Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել մեր հարցմանը՝ պատճառաբանելով, թե տեղեկատվությունը «պետական գաղտնիք է պարունակում»։


