23 Դեկ
2024
-2.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում:

Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին: Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: