ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի. Պետդեպի խոսնակ
Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ «Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը՝ Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Վերջերս մեր գոհունակությունը հայտնեցինք խաղաղությանը վարչապետ Փաշինյանի հանձնառության կապակցությամբ, և մենք նաև ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ»,-ասել է նա։
Անդրադառնալով կողմերի հանդիպմանը` նա հայտարարությունում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Քիշնևում կհանդիպեն եվրոպացի գործընկերների հետ. «Մենք հուսով ենք, որ դա կլինի կառուցողական քայլ՝ կարգավորելու այս հարցերը բանակցային սեղանին և ոչ թե բռնության միջոցով։ Կառուցողական երկխոսությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի»։