
Հին Երևանի առեղծվածային աշտարակը․ ի՞նչ էր այն և ի՞նչ նպատակով է ծառայել
17-18-րդ դարերում ապրած ամենահայտնի ֆրանսիացի ճանապարհորդներից էր Ժան Շարդենը: Նրա «Ճանապարհորդություններ» 10 հատորանոց աշխատությունը համարվում է XVII դարի Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի մասին ամենաարժեքավոր աշխատություններից մեկը:
Ճանապարհորդության ընթացքում Շարդենը եղել է նաև Հայաստանում: Իր գրքում Շարդենն Արևելյան Հայաստանին մշտապես անդրադառնում է «Արմենիա» անվանմամբ։ Նա նշում է, որ Երևան քաղաքն առանձնանում էր բարեբեր ու նպաստավոր կլիմայական պայմաններով և մեծությամբ տպավորիչ բնակավայր էր։
Ըստ նրա՝ քաղաքում բնակվում էին հիմնականում հայեր, իսկ բերդում տեղակայված էր կուսակալի նստավայրը և պարսկական կայազորը։
Երևանի մասին նկարագրությունում Շարդենը խոսում է մի բացառիկ աշտարակի մասին. «Ճարտարապետական տեսանկյունից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացրել մի հին աշտարակ, որի կառուցման թվականը և նպատակը մեզ առայժմ անհայտ է:
Շարդենը հաղորդում է, որ այն գտնվում էր եպիսկոպոսի աթոռանիստի մոտ, կառուցվել էր հին ժամանակներում, սրբատաշ քարով, արտաքին կողմում ուներ հայերեն տառեր հիշեցնող տառերով գրված արձանագրություններ, որ անընթեռնելի է եղել նաև հայերի համար:
Նա գրում է, որ այդ աշտարակը հին է, ունի բոլորովին յուրահատուկ ճարտարապետություն, և դրա շուրջը փռված են ընդարձակ ավերակներ:
Աշտարակի և դրա մոտակայքում ընկած ավերակների նկարագրությունը կատարելուց հետո Շարդենը գալիս է այն եզրակացության, որ այստեղ եղել է վանք, որի կոմպլեքսի կենտրոնական մասում բարձրացել է իր ասած աշտարակը: Հետագա ճանապարհորդներն ու հեղինակներն արդեն վկայում են, որ Շարդենի հիշատակած աշտարակը գոյություն չուներ:
Նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իմանալու դրա ճշգրիտ տեղը» (Թ.Խ. Հակոբյան, «Երևանի պատմությունը», Երևան, 1969, էջ 273-274):
Շարդենի նկարագրությունն ու աշխատությունը հիմք ընդունելով՝ հետագայում մի շարք հայ ուսումնասիրողներ նշել են աշտարակի հավանական վայրը: «Ղ. Ինճիճյանը` օգտվելով Շարդենի նկարագրությունից, այն տեղադրում է Սբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, իսկ Հովհաննես Շահխաթունյանցը` Ձորագյուղի եկեղեցու դիմաց, Հրազդանի բարձրադիր աջ ափին: Վերջինս իր ենթադրությունը հիմնավորում է նրանով, որ Հրազդանի ձախ ափի այդ հատվածում հին ավերակների հետքեր իր ապրած ժամանակներում ամենևին չեն նշմարվել» (Նույն տեղում, էջ 274):
Հետագայում մասնագետները փորձել են պարզել, թե ի՞նչ աշտարակ է եղել այն և ի՞նչ նպատակով է ծառայել:
Առաջ են քաշվել տարբեր կարծիքներ՝ գիտական կառույցից մինչև դամբարան կամ աստղադիտարան, ինչպես նաև ռազմական նշանակության պաշտպանական շինություն։ Այս տեսակետներին զուգահեռ առաջ է քաշվել նաև վարկած, որ այն եղել է ջրի աշտարակ՝ գնդաձև մասում ամբարելով ջուր:
Այդ ամենից այժմ մնացել են միայն ֆրանսիացի ճանապարհորդի հուշերը՝ Հին Երևանի աշտարակի մասին:
Արա Զարգարյան











