
Իտալական գյուղում նորածնի ձայնը խլացրել է կատուների մռմռոցը․ գյուղում 30 տարվա ընթացքում առաջին երեխան է ծնվել
Իտալիայի Ջիրիֆալկո լեռան լանջին գտնվող Պալիարա դեյ Մարսի հին գյուղում կատուները թվաքանակով զգալիորեն գերազանցում են մարդկանց․ գրում է The Guardian-ը։
Նրանք պտտվում են նեղ փողոցներով, թափառում տներում, դուրս գալիս և մագլցում պատերի վրա։ Նրանց մռմռոցը կոտրում է տասնամյակներ շարունակ բնակչության թվի նվազման պատճառով առաջացած լռությունը։
Սակայն այս լռությունը որոշ չափով կոտրվել է այս տարվա մարտին տեղի ունեցած ուրախալի իրադարձությամբ՝ երեխայի ծննդով:
Լարա Բուսի Տրաբուկկոն գյուղում գրեթե 30 տարվա ընթացքում ծնված առաջին երեխան է։ Նրա ծննդից հետո գյուղի բնակչությունը հասցվել է մոտ 20-ի։
Փոքրիկի մկրտությանը ներկա է եղել ամբողջ համայնքը, այդ թվում՝ կատուները։
Գյուղում երեխա ունենալն այնքան հազվագյուտ երևույթ է, որ փոքրիկն այժմ զբոսաշրջիկների գլխավոր հետաքրքրությունն է։
Երեխայի մայրն ասում է, որ ընդամենը 9 ամսականում նա արդեն հայտնի է։
Լարայի ծնունդը հույսի խորհրդանիշ է, բայց նաև Իտալիայի ժողովրդագրական ճգնաժամի սրման մասին սթափեցնող ցուցանիշ։
2024 թվականին երկրում ծնելիության մակարդակը հասել է պատմականորեն ամենացածր ցուցանիշին՝ 369,944 ծնունդ։
Անկման պատճառները բազմաթիվ են՝ սկսած երիտասարդների արտագաղթի հսկայական ալիքից մինչև աշխատող մայրերի անբավարար աջակցություն և, ինչպես այլ երկրներում, տղամարդկանց անպտղության աճ։ Ավելին, ավելի ու ավելի շատ մարդիկ են պարզապես նախընտրում երեխա չունենալ։


