
Genesis Armenia-ն ոչ միայն «ճառ է ասում», այլև «զանգ կախում». Արտակ Բեգլարյան
Genesis Armenia-ն ոչ միայն վերլուծում է, այլ նաև գործում բազմաթիվ ոլորտներում` անվտանգություն, մշակույթ, կրթություն, թե պետական կառավարում կամ միջազգային հարաբերություններ. Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամի 5-ամյակի միջոցառմանն ասել էր Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հիմնադրամը բոլոր ուղղություններով նաև գործնական աշխատանք է կատարում և գործնական պատասխանատվություն է ստանձնում ու ստանձնել է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, կոպիտ ասած, որ իրենք ոչ միայն ճառ են ասում, այլ նաև զանգ են կախում։ Ու սա ինձ համար շատ-շատ գնահատելի է։ Թեև մի կողմից հայ իրականությունը ունի ուղեղային կենտրոնների մեծ կարիք, որովհետև մեր քաղաքական միտքը մշտապես կաղել է, սակայն մյուս կողմից մենք նաև խնդիր ունենք գործ անողների, և այս տեսանկյունից ես շատ-շատ բարձր եմ գնահատում, որ իրենք գաղափարախոսական աշխատանքին զուգահեռ նաև գործնական աշխատանք են կատարում ազգային դաշտում և ազգային կենսունակ պետականություն կերտելու ուղղությամբ։ Եվ այս տեսանկյունից նաև ինձ համար կարևոր է, որ իրենք որոշակի վճռական դեր են ստանձնում ազգային դաշտի այս ուղղությամբ գործող տարբեր կառույցների և անձանց կամրջելու գործում և միասնականության իրենց գործառույթն են կատարում, ի թիվս մի շարք այլ ինստիտուտների»,-ասել է Բեգլարյանը։


