
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ կոչեր պարունակող հայտարարություններով․ փաստաբան
2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է․ բանտային կալանքի տևողությունը՝ 195 օր՝ առանց իրավական որևէ հիմքի․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման: Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ կոչեր պարունակող հայտարարություններով: Պարզ չէ՝ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է: Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի»,- նշել է Վարդևանյանը:


