
2026-ին ազատ և վստահելի ընտրությունների անցկացումը կարևոր է ապագայի նկատմամբ վստահության համար․ ՀՀ նախագահի ուղերձը
Տարին մոտենում է իր ավարտին, մենք կանգնած ենք նոր՝ 2026 թվականի շեմին, ու այս պահը լավ առիթ է ոչ միայն շնորհավորելու միմյանց, այլև մեկ անգամ ևս հետ նայելու անցած ճանապարհին, գնահատելու մեր ձեռքբերումներն ու գիտակցելու այն աշխատանքը, որ դեռ առջևում է․ ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Ամանորի ուղերձում։
«Անցնող տարին մեզ համար հեշտ չէր։ Մենք բախվեցինք բազմաթիվ փորձությունների, ունեինք բացեր ու դժվարություններ, որոնք անկեղծորեն պետք է ընդունենք։ Բայց միևնույն ժամանակ, սա նաև տարի էր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կարողացան արձանագրել կարևոր ձեռքբերումներ, ամրապնդել պետական կառույցները և շարունակել զարգացման ճանապարհը։
2025 թվականը կարևոր քայլով կմնա մեր նորագույն պատմության մեջ։ Օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագիրը քայլ էր դեպի խաղաղություն։ Դա պարզ փաստաթուղթ չէր, այլ պատասխանատու որոշում՝ ուղղված մեր երկրի անվտանգ ապագային, տարածաշրջանային կայունությանը և մեր քաղաքացիների խաղաղ կյանքի հնարավորությանը։ Խաղաղությունը հեշտ ճանապարհ չէ, բայց այն ճանապարհն է, որ մենք պատրաստ ենք շարունակել՝ համբերությամբ, զգոնությամբ և միասնականությամբ։
Գալիք տարում Հայաստանը կհյուրընկալի մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ։ Դրանք մեր երկրի համար մեծ հնարավորություն են՝ ներկայացնելու Հայաստանն աշխարհին, բարձրացնելու մեր պետության վարկանիշը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը։ Այդ միջոցառումների հաջող անցկացումը կախված է բոլորիս պատասխանատվությունից՝ պետական մարմիններից մինչև յուրաքանչյուր քաղաքացի։ Միասնական ջանքերով մենք կարող ենք արժանապատվորեն իրականացնել այդ առաքելությունը։
2026 թվականը կարևոր է լինելու նաև ներքաղաքական կյանքի համար։ Կայանալիք խորհրդարանական ընտրությունները հերթական փորձությունն են մեր ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։ Ազատ, արդար և վստահելի ընտրությունների անցկացումը կարևոր է մեր պետության կայունության, ժողովրդի կամքի արտահայտման և ապագայի նկատմամբ վստահության համար։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Նոր տարին բերում է նոր հույսեր, սպասումներ և պատասխանատվություն։ Թո՛ղ 2026 թվականը լինի խաղաղության, համերաշխության և կառուցողական աշխատանքի տարի։ Թո՛ղ տարբերությունները չբաժանեն, այլ ուժեղացնեն մեզ՝ որպես ժողովրդավարական և հասուն հասարակություն։
Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա կապակցությամբ։ Մաղթում եմ առողջություն, ընտանեկան ջերմություն, հավատ վաղվա օրվա հանդեպ և ուժ՝ միասին առաջ գնալու։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- նշված է ուղերձում։


