
Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլև Չինաստանին տարածաշրջան բերելու համար․ Սուրեն Սարգսյան
Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել. Facebook-ի իրն էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր՝ Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունը, ինչի կիզակետում էլ հայտնվել է Վենեսուելան։
ԱՄՆ-ը բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչև Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրը 2024-ին կազմել է շուրջ 500 մլրդ դոլար և աճի հսակայական միտում ունի։ Իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Ի դեպ, վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70 տոկոսը գնում է Չինաստան, ինչը, բնականաբար, չի գոհացնում Թրամփի վարչակազմին։
ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ, որ Պեկինն ամրանա Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան։ Այս տրամաբանությամբ, հաջորդը լինելու է Կուբան։
Ի դեպ, Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի պետքարտուղար Ռուբիոն, որ միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։ Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ, Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար»,- նշել է Սարգսյանը։


