
Հրդեհներ՝ Լոռու և Շիրակի մարզերում
Հունվարի 6-ին ժամը 23-ին Շիրակ մարզային փրկարար վարչության ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում այրվում է տնակ․ փոխանցում են Փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է՝ այրվում է ոչ բնակելի տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ 23:46-ին: Այրվել է տնակը՝ մոտ 18 քմ»,- ասված է հաղորդագրությունում։
Նույն օրն ու գրեթե նույն ժամին հրդեհ է բռնկվել նաև Լոռու մարզի Օձուն բնակավայրում։
Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։
Ըստ հաղորդագրության՝ հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին ժամը 00։04-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։
Անասնակեր է այրվել նաև Լոռու մարզի մեկ այլ՝ Ճոճկան գյուղում։ «Հունվարի 6-ին ժամը 20։53-ին Լոռու մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունվարի 7-ին, ժամը 05։50-ին։ Այրվել մոտ 600 հակ անասնակեր։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ»,- ասված է Փրկարար ծառայության հաղորդագրությունում։


