08 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավտոբուսի վարորդից՝ բռնապետ․ ի՞նչ ճանապարհ է անցել Նիկոլաս Մադուրոն

Ավտոբուսի վարորդից՝ բռնապետ․ ի՞նչ ճանապարհ է անցել Նիկոլաս Մադուրոն

Սովորական ավտոբուսի վարորդ, սիրողական ԵՐԱԺԻՇՏ ռոք խմբում և մեկ քայլ դեպի մեծ քաղաքականությունը։ Նիկոլաս Մադուրոն այսպես դարձավ Վենեսուելայի  նախագահ Ուգո Չավեսի մտերիմն ու նրանից ժառանգեց նախագահի պաշտոնը։ Մի օր էլ ԱՄՆ դեսանտային ուժերը մտան սենյակ և անկողնու մեջ ձերբակալեցին նրան։ Սա Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կյանքի պատմությունն է։

Քաղաքականություն նա մտել է 1990-ականների սկզբին։ Մադուրոն աջակցում էր Ուգո Չավեսի ձախողված ռազմական հեղաշրջման փորձին և պահանջում Չավեսի ազատ արձակումը։ Հենց այսպես էլ նա մտնում է ապագա նախագահի մտերիմ շրջապատ, իսկ 1999-ին, Չավեսի իշխանության գալուց հետո դառնում նախ՝ խորհրդարանի անդամ, ապա՝ խորհրդարանի նախագահ, այնուհետև՝ արտաքին գործերի նախարար։

2013-ին՝ իր մահվանից առաջ, գործող նախագահ Չավեսը աջակցում էր նախագահի թեկնածու Մադուրոյին․  «Սահմանադրությամբ սահմանված նոր ընտրություններ են նշանակվում, և Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ է ընտրվում Նիկոլաս Մադուրոն», – բացահայտ քաղաքական կոչ էր արել Չավեսը՝ իր մահվանից հետո որպես «ժառանգորդ» դիտարկելով Մադուրոյին։

Մարտի 5-ին նա մահանում է քաղցկեղից՝ իր թեկնածույին թողնելով նավթային ամենամեծ պաշարներն ունեցող Վենեսուելան, որի տնտեսական համակարգը կախված էր նույն նավթի բարձր գներից։

Վենեսուելայի նորընտիր նախագահը նավթային ընկերության բարձր պաշտոններում նշանակում է իր մտերիմներին, ինչը ավելի է խորացնում կառավարման խնդիրներն ու նպաստում տնտեսության փլուզմանը։ Հետագայում Վենեսուելական նավթի վրա ԱՄՆ-ն սահմանում է պատժամիջոցներ՝ արգելելով դրա մատակարարումը ԱՄՆ։

2019-ի հունվարին Ազգային անվտանգության խորհրդի օրվա խորհրդական Ջոն Բոլթոնը հանդես եկավ պատժամիջոցների մասին հայտարարությամբ․ «Մենք պատժամիջոցներ ենք հայտարարում Վենեսուելայի նավթային ընկերության վրա, որը պետականացված մենաշնորհային կազմակերպություն է»։

Հիպերինֆլացիա, սննդի ու դեղերի խիստ պակաս, աղքատության թվի կտրուկ աճ, պատմության մեծագույն արտագաղթերից մեկը։ Վենեսուելայի վերջին տասնամյակը  կարելի է նման ձևով բնորոշել։

2018-ից մինչ 2021 թվականը Վենեսուելայի ազգային արժույթ բոլիվարից հանվեց 11  0՝ արժույթը փաստացի վերածելով թափոնի։ 2018 թվականին Վենեսուելայում գնաճը հասավ 2 միլիոն տոկոսի։ «Մադուրոյի դիետա» անունը ստացած սննդային և դեղորայքային ճգնաժամը 2018-2019 թվականներին գագաթնակետին հասցրին դարի մեծագույն արտագաղթներից մեկը։ 7 միլիոն բնակիչ կամ Վենեսուելայի բնակչության 20-25 տոկոսը արտագաղթեց երկրից։

Տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում շարունակվում է մինչ օրս։ Չնայած բազմաթիվ պատժամիջոցներին ու ճնշումներին՝ 2025-ի դեկտեմբերին Մադուրոն մերժեց Թրամփի վերջնագիրը՝ լքել պաշտոնն ու արտաքսվել Թուրքիա։

2026-ի հունվարի 3-ին ԱՄՆ ուժերի հատուկ գործողությամբ Նիկոլաս Մադուրոն կնոջ հետ ձերբակալվեց ու տեղափոխվեց ԱՄՆ։ Նրան առաջադրվել է թմրամիջոցների շրջանառության և ապօրինի արտահանման, նարկոահաբեկչության, կոռուպցիայի և գումարների լվացման մեղադրանքներ, սակայն նա հրաժարվում է դրանք ընդունել։

Այսպիսով՝ Վենեսուելան, լինելով մի երկիր, որն ունի հսկայական բնական ռեսուրսներ, այսօր կանգնած է անորոշության և վերականգնման անհրաժեշտության առջև, մինչ նրա ղեկավարը՝ նախկին ավտոբուսի վարորդն ու ռոք երաժիշտը, այսօր կանգնած է դատարանի առջև և դարձել է պատմության  արտասովոր ու հակասական կերպարներից մեկը։

 

Ռազմագերիներ