08 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արաբագետը մեկնաբանել է Հալեպում տեղի ունեցողը

Արաբագետը մեկնաբանել է Հալեպում տեղի ունեցողը

Մինչև այսօր՝ ժամը 15։00-ն, Սիրիայի դեմոկրատական ուժերին ժամանակ էր տրամադրվել՝ որոշում կայացնելու և պատասխան ներկայացնելու Սիրիայի բանակին։ Այդ համատեքստում Հալեպում և ընդհանրապես Սիրիայում հնարավոր զարգացումները մեծապես պայմանավորված են քրդական գործոնով։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ABC Media-ի հետ զրույցում նշել է, որ առկա է հստակ երկընտրանք։ Դրանցից մեկն այն է, որ քրդերը պետք է ընդունեն այն պայմանները, որոնք առաջարկվում են Սիրիայի իշխանությունների կողմից, և որոնք, ըստ նրա, վստահաբար համաձայնեցված են Թուրքիայի հետ։ Խոսքը վերաբերում է քրդական ինքնավարության փուլ առ փուլ լուծարմանը, ժողովրդական ինքնապաշտպանական զինված ջոկատների զինաթափմանը և դրանց՝ Սիրիայի բանակի կազմում ներգրավմանը։ Ի՞նչ է սպասվում հակառակ դեպքում։

«Եթե քրդական կողմը չընդունի այդ պայմանները, ապա մենք շարունակաբար ականատես կլինենք նման ռազմական անկայունությունների, որոնք հետագայում հնարավորություն կտան Սիրիայի իշխանություններին խնդիրը լուծել արդեն ուժային եղանակով»,- նշում է Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ գործընթացում չի բացառվում նաև Թուրքիայի գործուն աջակցությունը։

Ինչ վերաբերում է Սիրիայի դեմոկրատական ուժերի հնարավոր համաձայնությանը, արաբագետը ընդգծում է, որ վերջին շրջանում նրանց հնարավորությունները զգալիորեն նվազել են։ Եթե նախկինում նրանք ունեին ԱՄՆ-ի գործուն աջակցությունը, ինչպես նաև Իսրայելի աջակցությունը, ապա ներկայումս, ըստ Պետրոսյանի, ԱՄՆ-ն ավելի հակված է աշխատելու Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմադ Ալ-Շարայի հետ։ Իսրայելի աջակցությունը, թեև որոշակիորեն պահպանվում է, սակայն այն ևս կարող է սահմանափակվել՝ նշել է արաբագետը։

Բացի այդ՝ տեղեկատվություն է տարածվել Սիրիայի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև եռակողմ մեխանիզմի ձևավորման մասին, որի նպատակը սահմանային կայունության ապահովումն ու ռազմական բախումների բացառումն է։ Այս հանգամանքը, ըստ Պետրոսյանի, կարող է նշանակել, որ Իսրայելի աջակցությունը Սիրիայի դեմոկրատական ուժերին ևս աստիճանաբար կսահմանափակվի։

Արաբագետի խոսքով՝ առանցքային դերակատարն այս գործընթացում շարունակում է մնալ Թուրքիան, որը խնդիր է դրել տարածաշրջանում քրդական ինքնակազմակերպված միավորը շարքից հանելու։ «Շարունակվող ռազմական բախումները հստակ ազդակներ են քրդական կողմին՝ գնալու որոշակի զիջումների»,- եզրափակել է Արմեն Պետրոսյանը։

 

Ռազմագերիներ