
Հոգևորականները Թալինի եկեղեցում սրբագործելու կարգ են կատարել (լուսանկարներ)
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում երեկ՝ հունվարի 8-ին, միասնական ժամերգությունից առաջ կատարվել է եկեղեցին մաքրագործելու կարգ, որը Մայր Մաշտոցում կոչվում է «Եկեղեցի սրբելու (կամ սրբագործելու) կարգ, որ պղծվել էր անօրենների մոլեգնությունից»․ հայտնում են ՀԱԵ Արագածոտնի թեմից։
«Սուրբ Ծննդյան տոնին նշյալ եկեղեցում արարողություն է անցկացրել կարգալույծ հոգևորական և համաձայն եկեղեցական կանոնի պետք է եկեղեցին մաքրագործվեր:
Կարգը կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն՝ Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ըստ կարգի՝ խորանը լվացվեց ջրով, գինով և ընթերցվեց զորավոր և մաքրագործող աղոթք:
Արարողության ավարտին հանդիսապետությամբ Սրբազան Հոր, աղոթակցությամբ թեմի հոգևոր դասի, վանականների, հավատավոր զավակների, կատարվեց միասնական ժամերգություն և միասնական աղոթք՝ հանիրավի ազատազրկված մեր հոգևոր հայրերի ու զավակների, գերության մեջ գտնվող և անհետ կորած զավակների, Սուրբ Եկեղեցու անսասանության և հայրենիքի բարօրության համար»,- ասված է հաղորդագրությունում։


