
ԱՄՆ ներգաղթի գործակալներն Օրեգոն նահանգում կրակել են 2 մարդու վրա
ԱՄՆ դաշնային ներգաղթային գործակալները հինգշաբթի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի հիվանդանոցի մոտ կրակել և վիրավորել են մեքենայում գտնվող երկու մարդու․ գրում է Associated Press-ը։
Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Մինեսոտայում ներգաղթի գործակալը սպանել էր 37-ամյա կնոջ։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ մեքենայի ուղևորներից մեկը «վենեսուելացի անօրինական ներգաղթյալ էր, որը կապված էր «Տրեն դե Արագուա» մարմնավաճառության միջազգային ցանցի հետ և ներգրավված էր քաղաքում վերջերս տեղի ունեցած կրակոցների մեջ:
Նշվում է, որ մեքենան կանգնեցնելուց հետո, երբ ոստիկանները ներկայացել են ուղևորներին, մեքենայի վարորդը փորձել է վրաերթի ենթարկել նրանց։
«Իր կյանքի և անվտանգության համար վախենալով՝ գործակալը պաշտպանական կրակոց է արձակել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Կրակոցներից հետո` գիշերը, հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) շենքի մոտ: Օրեգոնի գլխավոր դատախազ Դեն Ռեյֆիլդը խոստացել է հետաքննել՝ «որևէ դաշնային պաշտոնյա գործե՞լ է արդյոք իր օրինական լիազորությունների շրջանակից դուրս»:


