
Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը՝ «The Washington Times»-ում
Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. «The Washington Times» ամերիկյան հայտնի պարբերականում հրապարակվել է Արման Թաթոյանի հոդվածը, որ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային․ տեղեկացնում են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունից։
Ներկայացնում ենք հոդվածի ամենակարևոր թեզերը․
- Ադրբեջանը 2021 թվականից օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերից ավելի քան 200 քառ․ կմ տարածք։
- Օկուպացիայի հետևանքով սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, զրկված է ապրուստ վաստակելու միջոցներից։ Երեխաները դպրոց են հաճախում ադրբեջանական զինված ուժերի թիրախի տակ։ Տները, ճանապարհները և Հայաստանի ռազմավարական անվտանգության ենթակառուցվածքները նույնպես գտնվում են թիրախի ներքո։
- Բազմաթիվ բանակցություններից հետո Հայաստանի տարածքի որևէ սանտիմետր չի վերադարձվել, օկուպացիոն որևէ ստորաբաժանում դուրս չի բերվել։ Զինված ուժով ստեղծված ռազմական իրողությունը պահպանվել է, մինչդեռ դիվանագիտությունը շարունակվում է այնպես, կարծես այդ փաստը երկրորդական է։
- Սա ուղերձ է թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, թե՛ վատ դերակատարներին ամենուր, որ հարկադրանքով ձեռք բերված տարածքային նվաճումները կարելի է պահել անժամկետ, պայմանով, որ բանակցությունները շարունակվեն։ Ժամանակի ընթացքում ոչ սովորականը կդառնա սովորական, իսկ սովորականն՝ ընդունելի։
- ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ «հիվանդ» բնորոշեց «հայ հասարակությանը»։ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել պետական հովանավորությամբ նարատիվ, ըստ որի՝ ամբողջ Հայաստանը «հին ադրբեջանական հող» է։
- Այսպիսի բառապաշարն անհամատեղելի է հաշտության հետ։ Սա ոչ թե համակեցության, այլ հիերարխիայի, ոչ թե փոխզիջման, այլ ճնշման և ռասիզմի լեզու է։ Երբ այն զուգակցվում է Հայաստանի սահմաններից ներս շարունակվող ռազմական ներկայության հետ, առաջանում է հարց, որից դիվանագիտությունը չի կարող խուսափել, սա կասկածի տակ է դնում խաղաղությունը։
- Դիվանագիտական վերջին ջանքերը, այդ թվում՝ օգոստոսին արձանագրված Թրամփի ուղուն վերաբերող համաձայնությունները հետաձգել, գուցե նույնիսկ տապալել են Սյունիքը զավթելու Բաքվի ծրագրերը։ Բայց այդ մեխանիզմը կհաջողի, եթե օկուպացիան դիտարկվի խոչընդոտ։
- Տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային ինտեգրման կամ վստահության ամրապնդման մասին համաձայնությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե զուգահեռ շարունակվում է տարածքի բռնազավթումը։
- Միջազգայնորեն ճանաչված սահմանից դուրս ուժի կիրառմամբ տարածք զավթելն անօրինական է։ Սահմանանշման շուրջ բանակցությունները չեն կարող հետադարձ ուժով օրինականացնել այդ գործողությունները կամ չեն կարող փոխարինել զորքերի դուրսբերմանը։
- Խաղաղ գործընթացը, որը հանդուրժում է օկուպացիան և միաժամանակ քննարկում նորմալացումը, հայկական կողմին պարտադրում է բանակցել ճնշման ներքո, իսկ ադրբեջանական կողմին՝ սպասել պատասխանատվությունից խույս տալու հույսով։
- Ամերիկացի և եվրոպացի միջնորդները պետք է բացահայտ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ։
- Մինչև զորքերի դուրսբերումը չսկսվի, բանակցությունները չպետք է լինեն ինքնանպատակ։ Գործընթացը պետք է կապվի պարտավորությունների կատարման հետ, այլապես այն կդառնա պաշտպանիչ վահան, որի հետևում ստատուս քվոն միայն ամրապնդվում է։
- Սա չի բացառում խաղաղությունը: Հակառակը՝ դա միակ ճանապարհն է, որ տանում է դեպի հարատև խաղաղություն: Հարկադրանքի վրա կառուցված և լուծում չստացած կարգավորումը կայունություն չէ․ դա պարզապես հետաձգում է։ Վաղ թե ուշ խախտված հավասարակշռությունը նորից գլուխ է բարձրացնում։
- Հարատև խաղաղությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ բանակցությունները հիմնվեն պարզ սկզբունքի վրա․ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և օկուպացիան չի կարող նվեր տրվել ժամանակի ընթացքում։
- ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են։ ԱՄՆ-ի հեղինակությունը կամրապնդվի միայն այն դեպքում, երբ սկզբունքները հետևողականորեն կիրառվեն։


