
Եկեղեցին «նորոգելու» համար որպես գործիք ընտրել են կառույցի ամենահիվանդ ու կեղտոտ բջիջներին․ Սամվել Հակոբյան
Համայն հայության ամենահզոր, կայացած և բոլորին միավորող կառույցը փորձում են «նորոգել» ՀՀ պատմության ամենախայտառակ կառավարության և օրենսդրի ներկայացուցիչները․ գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
««Նորոգելու» համար էլ որպես գործիք ընտրել են հենց այդ կառույցի ամենահիվանդ ու կեղտոտ բջիջներին։
Սեփական կարևորագույն գործառույթները տապալած ձախողվածների խումբը՝ անտեսելով Սահմանադրությունը, միջամտում է և փորձում ավերել ու պղծել մեր ազգի կարևորագույն ինստիտուտը։
Եկեղեցու և առհասարակ մեր պետականության համար պայքարողները կա՛մ հայտնվում են բանտերում, կա՛մ ենթարկվում են տարատեսակ այլ բռնաճնշումների։
Փաստացի, այս պահին Եկեղեցին միակ մարմինն է, որին հաջողվել է դիմադրել պառակտիչ սատանիստին։ Եթե հոգևոր համայնքը բացառություն չլիներ, և քաղաքական ու հանրային մտավորական դաշտերը լինեին նույնքան պինդ ու անսասան, և ամենուր տիրադավ դավաճանների հարաբերակցությունը լիներ տասն ընդդեմ հարյուրի, վստահ եմ՝ երկրի ընդհանուր պատկերը բոլորովին այլ կլիներ։
Թե՛ Եկեղեցին, թե՛ երկիրը բոլորինս են, և եթե դրանք կործանվեն, կտուժեն հայկական բոլոր օջախներն՝ անխտիր։
Պասիվությունը, առօրյա նյութական «կոմֆորտով» տարվելը ոչ մեկին չի փրկելու, ընդհակառակը՝ այն միայն բազմապատկելու է իրական պայքարողների բեռը։
Կա՛մ ամբողջ ազգով սթափվում ենք և թույլ չենք տալիս, որ ոտնահարեն մեր ազգային ինքնությունը, կա՛մ թրքացումը դառնում է անխուսափելի։
Հաղթանակների և տիրադավներից ազատվելու տարի բոլորիս։
Աստված պահապան մեր ազգին»,- գրել է Հակոբյանը։


