
1918 թվականի համաճարակն ու Երևանի 180 հազար զոհերը (լուսանկարներ)
1918 թվականի ամռանը և աշնանը Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը կանգնած էր խոլերայի ու տիֆի համաճարակների դեմ մղվող դժվարին պայքարի առաջ։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստանում հազարավոր գաղթականներ կային: Նրանց ամենօրյա հոսքը, հիվանդ ու անօթևան մարդկանց ողբերգական մահն ու որբերի ավելացող թիվը ծանր իրավիճակի առաջ էին կանգնեցրել Առաջին Հանրապետության ղեկավարներին: Հատկանշական է, որ այդ շրջանի քաոսային վիճակի մասին ժամանակի մամուլից զատ գրել են նաև Առաջին Հանրապետության քաղաքական գործիչները:
Մասնավորապես, Առաջին Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում գրում է. «Հայաստանն ավելի շուտ գաղթականական կայան էր․ ամբողջ երկրում շուրջ 450․000 գաղթական էր թափված, որից մոտ 40․000-ը՝ Երևանում, շատերը՝ փողոցների և ավերակ շենքերի մեջ։ Հաց չէր ճարվում, ժողովուրդն ապրում էր ինչով որ պատահեց։ Գետնախնձորով կամ լոբիով խառն հացի ֆունտը քաղաքում սկզբի օրերին արժեր 5 ռուբլի, և այն էլ ճարվում էր դժվարությամբ։ Հացի, բնակարանների, հագուստի և դեղերի պակասն ու գաղթականության խառնվածությունն առաջ բերին ու զարգացրին համաճարակ հիվանդությունների, սկզբում խոլերան, ապա բծավոր տիֆը, որի գերանդին առատ հունձ էր անում ամեն կողմ։ Տուն չկար, որ հիվանդ չունենար։ Հիվանդները թափված էին և փողոցներում ու հրապարակներում։ Միայն հունիսի 12-18-ին Երևանի զինվորական հիվանդանոցն ընդունել էր 370 հիվանդ, որից մեռել էր 142 հոգի, առողջացել՝ 25-ը։ Օգոստոսի 28-29-ին հիվանդանոցում կային 197 հիվանդներ, մեռան 17 հոգի։ Զինվորական հիվանդանոցից դուրս, մասնավոր բժիշկների տեղեկություններով, օգոստոսի 12-29-ին Երևանում մեռել էր 56 մարդ և հիվանդացել 157-ը։ Այս դեռ սկիզբն էր երկանց։ Հապճեպով պատրաստված հիվանդանոցներն անզոր էին իրական դարման հասցնելու․ դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղեն չկար։ Եվ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարյուրներով, հազարներով։ Ժողովուրդը սպառվում էր վառվող մոմի պես։ Վեց ամսվա ընթացքում սովից ու հիվանդություններից Հայաստանում մեռավ մոտ 180․000 մարդ»։ (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993, էջ 168-169):
Հիվանդությունները չէին անտեսում նաև քաղաքական և պետական գործիչներին: Այդ ծանր ու վտանգավոր օրերին ժողովրդի կողքին կանգնած էր նաև Արամ Մանուկյանը, ով 1918 թվականի դեկտեմբերին վարակվեց բծավոր տիֆով և 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Նույն տարում՝ հունվարին, բծավոր տիֆի զոհ դարձավ նաև ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմը (Ստեփան Զորյան)։ Սիմոն Վրացյանի հուշը միայն մեկ օրինակ է այդ օրերին Երևանում տիրող քաոսային վիճակի:


