Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներրկայացրել պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Նախագծով նախատեսվում է 2023թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ:
Ըստ որոշման՝ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ:
Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։