
Հյուսիսային Եվրոպայի դիվանագետները հերքում են Գրենլանդիայի ջրերում ռուսական և չինական նավերի մասին Թրամփի պնդումները․ Financial Times
Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ հյուսիսեվրոպական մի շարք երկրների դիվանագետներ հերքում են Գրենլանդիայի մոտակայքում ռուսական և չինական նավերի մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները։
ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալներին հասանելիություն ունեցող երկու բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ վերջին տարիներին Գրենլանդիայի մոտակայքում ռուսական կամ չինական նավերի կամ սուզանավեր չեն հայտնաբերվել։ «Պնդումները, որ չինացիներն ու ռուսներn այնտեղ են, պարզապես ճիշտ չեն», – ասում է նրանցից մեկը։
«Այն միտքը, որ Գրենլանդիայի շրջակա ջրերը լի են ռուսական և չինական նավերով կամ սուզանավերով, պարզապես ճիշտ չէ։ Դրանք ներկա են Արկտիկայում, այո, բայց ռուսական կողմում», – հավելել է FT-ի մեկ այլ աղբյուր։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն նույնպես մերժում է Գրենլանդիայի շուրջ ռուսական կամ չինական զգալի ակտիվության մասին հաղորդագրությունները՝ դրանք համարելով սխալ։ «Մեր տարածաշրջանում ակտիվություն կա։ Բայց Գրենլանդիայի շուրջ՝ շատ քիչ», – ասել է նա։
Թրամփը բազմիցս հիշատակել է Ռուսաստանից և Չինաստանից եկող սպառնալիքները՝ պնդելով Գրենլանդիան գրավելու անհրաժեշտությունը։
«Այս պահին Գրենլանդիայի շուրջ կան ռուսական և չինական նավեր։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, մի քանի օր անց Թրամփը հավելեց, որ եթե ԱՄՆ-ն դա չանի, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան։


