
Ադրբեջանում խաղաղ ժամանակ սպաների ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսով
Ադրբեջանում պահեստազորից զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայություն անցնող սպաների ծառայության ժամկետը խաղաղ ժամանակ կկրճատվի 6 ամսով․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դա արտացոլվել է Իլհամ Ալիևի հաստատած «Զինվորական ծառայության մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխություններում։ Փաստաթղթի համաձայն՝ պահեստազորից զորակոչվածների և պայմանագրով կամավոր զինվորագրվողների ծառայության ժամկետը կկազմի 1 տարի (որի ավարտից հետո, փոխադարձ համաձայնությամբ, նրանք կտեղափոխվեն կանոնավոր սպայական կորպուս)։ Պայմանագրով զինվորագրվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամկետը կկազմի մինչև 3 տարի (ժամկետի ավարտից հետո, փոխադարձ համաձայնությամբ, կկնքվի նոր պայմանագիր)։


