
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրն անտեսում է ցեղասպանությունը և այդ ամենն ավլում գորգի տակ, այն չի կարող կոչվել խաղաղության համաձայնագիր․ Արտակ Բեգլարյան
Չեմ հավատում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության համաձայնագիրը որևէ բան կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․ Իսլանդիայի ամենամեծ թերթին՝ Morgunblaðið-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այդտեղ ոչինչ չկա մեր ժողովրդի իրավունքների մասին, ոչինչ՝ տեղահանված բնակչության վերադարձի մասին, ոչինչ՝ մշակութային ժառանգության պաշտպանության, արդարադատության կամ պատասխանատվության մասին և ոչինչ՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների մասին»,-ասել է նա։
«Այն համաձայնագիրը, որն անտեսում է ցեղասպանությունը և այս ամենն ավլում գորգի տակ, չի կարող կոչվել խաղաղության համաձայնագիր»,- հավելել է նա։
Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ իր ժողովուրդը մի օր կկարողանա վերադառնալ իր հայրենիք։
«Այո, ես հավատում եմ դրան, բայց ոչ այն նույն պետության իշխանության ներքո, որից մենք փախել ենք։ Դա կնշանակեր հրեաներին խնդրել վերադառնալ նացիստական Գերմանիա՝ Հոլոքոստից հետո»,- ասել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով․ «Մենք որևէ հատուկ վերաբերմունք չենք պահանջում։ Մենք միայն պահանջում ենք այն, ինչի իրավունք պետք է ունենա յուրաքանչյուր ոք՝ տուն վերադառնալոու հնարավորություն»։


