
Մնացել ենք ու կռվել մինչև վերջ
2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի շրջափակման չգիտեմ, թե որերորդ օրն էր։ Լրացել էր Արցախի լիակատար շրջափակման իններորդ ամիսը։ Արցախում ամեն ինչի պակասին զուգահեռ խորանում էին անորոշությունն ու տագնապը։
Մի բուռ դարձած Արցախը փակված էր բոլոր կողմերից։ Հնարավոր չէր տեղաշարժվել նաև Արցախի ներսում. ավտոմեքենաների համար վառելիք չկար։
Առջևում սարսափելի պատկերով ուրվագծվում էր շրջափակման երկրորդ ձմեռը։ Սարսափելի երկրորդ ձմեռվան, սակայն, չհասանք։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Միանգամից, բնակչության համար՝ անսպասելիորեն, օրը ցերեկով, ժամը 13.00-ի կողմերը, աշխատանքային օրվա ընդմիջման առաջին րոպեներին։ Երեխաները դպրոցում էին, ծնողների հիմնական մասը՝ աշխատավայրերում։ Հարձակումը ոչ թե նախազգուշացնող էր, ոչ թե սպառնալից, այլ՝ ոչնչացնող։ Արցախը 24 ժամ անընդհատ ռմբակոծվել է։ Հենց այդքան էլ դիմադրել են Արցախի զինվորականները։ Դիմադրել են անհավանական պայմաններում. հյուծված, առանց համալրումների, առանց օգնության հույսի։ Իրենց զինվորական պատվին ու արժանապատվությանը ապավինած։ Առաջին պայթյունների հետ չեն հանձնվել, այլ շարունակել են պայքարել ժամերով։ 2020 թվականից հետո Արցախի սահմանները պատկերացնողների համար բարդ չէ հասկանալ, որ դա անհնարին, անբնական պայքար ու դիմադրություն է եղել։
Հարձակման առաջին ժամերին գրավվել էր Մարտակերտի շրջանի մի մասը։ Գրավված գյուղերի բնակիչները տարհանվել են, հիմնականում՝ դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Մարդիկ օրերով գիշերում էին քաղաքի դպրոցներում, հյուրանոցների շենքերում։ Ուղղակի շվարած կանգնած էին փողոցում՝ չիմանալով դեպի ուր գնալ։ Ստեփանակերտի փողոցներում այնպիսի աղետալի տեսարան էր, որ բառերով այն նկարագրելու կարողությունը քչերին է տրված։ Արցախը քանդվում էր մեր աչքի առաջ. րոպե առ րոպե։ Ադրբեջանցիները մտել էին Ստեփանակերտ։ Պետական կառույցներն ասես չէին էլ եղել։ Համատարած քաոսի մեջ անհնար էր հասկանալ, թե ինչ է լինելու հաջորդ վայրկյանին։ Ինչ որոշում է կայացվելու՝ վճռելու հարյուր հազար մարդու ճակատագիրը, հետագա կյանքը կամ չգոյությունը։
Մարտունու շրջանը կտրվել էր Ստեփանակերտից։ Ադրբեջանցիները գրավել էին Մարտունու շրջանը Ստեփանակերտին կապող միակ ճանապարհը։ Շրջանի բնակչության հետ օրերով հնարավոր չէր կապ հաստատել։
Հարձակումից 24 ժամ անց, սեպտեմբերի 20-ին, Արցախը հանձնվեց։ Քաղաքական որոշում կայացվեց՝ դադարեցնելու արյունահեղությունն ու փորձել հարյուր հազարավոր բնակիչներին դուրս բերել ամբողջությամբ գրավված Արցախից։
Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում 2023 թվականին, գիտեն միայն նրանք, ովքեր այդ օրերին Արցախում են եղել։ Այս մարդիկ 24 ժամ անդադար հրետակոծվել ու հրթիռակոծվել են, տարհանվել են իրենց տներից՝ րոպեներ անգամ չունենալով հավաքելու իրենց անձնական իրերը, օրերով ապրել են կատարյալ անորոշության մեջ՝ չիմանալով, թե ինչ է սպասվում իրենց։ Հայտարարված հրադադարից հետո Արցախը մնացել է առանց բանակ, առանց որևէ պաշտպանության, առանց արտաքին աշխարհից որևէ օգնության՝ կենսականորեն անհամատեղելի թշնամու դեմ միայնակ կանգնած։ Արցախցիները մնացել են առանց առաջնորդի, առանց գեթ մեկ հստակ պաշտոնական հայտարարության, թե ինչ է սպասվում հաջորդիվ։ Չորս-հինգ օր անց բացվել է միակողմանի ճանապարհը։ Մարդիկ ճանապարհ են ընկել՝ վստահ չլինելով, որ անցնելու են ադրբեջանական անցակետը Հակարիի կամուրջի վրա, չիմանալով, թե ուր են գնում, ցեղասպանությունից ուղղակի մազապուրծ։
Այդ նույն օրերին իրենց տներում առօրյա կյանքով ապրող այլ մարդիկ այսօր արցախցիներին մեղադրում են, թե «չեն մնացել ու կռվել»։ Մնացել ենք ու կռվել, վստահ եղեք։ Թող ոչ մեկը չտեսնի այն արհավիրքը, որ տեսել են մինչև հնարավոր վերջին րոպեն Արցախում մնացած, հնարավոր ու անհնարին ամեն ձևով պայքարած մարդիկ։ «Չմնալու ու չկռվելու» անհիմն մեղադրանքները, հնչելով հիմնականում Արցախի տեղն էլ չիմացող մարդկանցից, ուժեղ են խոցում, հաճախ՝ ադրբեջանական մահաբեր ռումբերից ուժեղ ու ցավոտ։
Թամարա Գրիգորյան


