
Իրանի հետ առևտուր իրականացնող երկրները ստիպված կլինեն 25% մաքսատուրք վճարել ԱՄՆ-ի հետ առևտրի համար․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր ԱՄՆ-ի հետ առևտրի դեպքում կբախվի 25% մաքսատուրքերի․ գրում է Reuters գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարք կնքող ցանկացած երկիր կվճարի 25% մաքսատուրք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքվող ցանկացած գործարքի համար․ որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Նա հավելել է, որ որոշումը վերջնական է։
Սպիտակ տան կայքում որոշման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։ Չկա նաև տեղեկություն այն մասին, թե Թրամփի կողմից մաքսատուրքերը կիրառելու համար ինչ իրավական լիազորություններ կգործածվեն, կամ արդյոք դրանք ուղղված կլինեն Իրանի բոլոր առևտրային գործընկերներին։
Թրամփի հայտարարությունն արվել է Իրանում ընթացող հակակառավարական ցույցերի ֆոնին։


