Զոհված զինծառայողի մայրը կալանավորվել է
Դատարանը՝ նախագահությամբ Ժորա Չիչոյանի, հրապարկեց Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է։
«Ձերբակալման դեմ մեր բողոքը մերժվեց, վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվեց, մեկ ամսով տիկին Գայանեն կալանավորվեց»,-ասաց պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դատարանին խնդրել են զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի (Մարտիրոսյան) նկատմամբ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներ դիտարկել։ Այս մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը․ «Դատարանին խնդրել ենք դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներից մեկը կամ միաժամանակ մի քանիսը կիրառելու հարցը։ Մասնավորապես՝ մենք խնդրել ենք դիտարկել՝ 1) տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր) 2) վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը) 3) գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ) 4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)»։ Սակայն, ինչպես պարզվեց, դատարանն ընտրել է կալանքը։