
«Մահացե՞լ ես». Չինաստանում միայնակ ապրող մարդկանց համար նոր հավելված է ստեղծվել
Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում կայծակնային արագությամբ տարածվում է «Մահացե՞լ ես» անվանումով նոր հավելվածը․ գրում է Reuters գործակալությունը։
Չինարեն Sileme (թարգմանաբար՝ «Մահացե՞լ ես») անվանումով հավելվածը նախատեսված է միայնակ ապրող մարդկանց համար։
Գրանցվելով հավելվածում՝ օգտատերը պետք է արտակարգ իրավիճակների համար մեկ կոնտակտ նշի։ Այնուհետև երկու օրը մեկ նա պետք է պարտադիր մուտք գործի հավելված ու սեղմի հատուկ կոճակը՝ հաստատելու համար, որ ողջ է։ Հակառակ դեպքում՝ հավելվածը կապ է հաստատում նրա նշած արտակարգ իրավիճակների կոնտակտի հետ՝ տեղեկացնելու, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։
Հավելվածը թողարկվել է անցյալ տարվա մայիսին։ Մինչ վերջերս այն մեծ աղմուկ չէր բարձրացրել, սակայն վերջին շաբաթներին դրա շուրջ ուշադրությունը մեծացել է․ Չինաստանի քաղաքներում միայնակ ապրող բազմաթիվ երիտասարդներ զանգվածաբար սկսել են ներբեռնել այն։ Այսպիսով՝ այն դարձել է երկրում ամենաշատ ներբեռնվող վճարովի հավելվածը։
Նշվում է, որ ըստ որոշ հետազոտությունների՝ մինչև 2030 թվականը Չինաստանում կարող է լինել մինչև 200 միլիոն միայնակ ապրող մարդ։


