
TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը կարևոր քայլ է գործնական աշխատանքներ սկսելու համար.Ադրբեջանի ԱԳՆ
TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը ոչ միայն վերահաստատում է ամերիկյան կողմի հանձնառությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև կարևոր քայլ է այս ոլորտում գործնական աշխատանքներ սկսելու համար․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ պատասխանելով «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի վերաբերյալ հարցին։
Նա նշել է, որ սա կարևոր է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման առումով։
«Մեր երկրի համար գերակա խնդիրներից մեկն Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է։ Ավելին՝ TRIPP ուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար», – ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը։


