13 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես հին ժամանակներում․ Հնդկաստանում բաց ծով է դուրս եկել ձեռքով պատրաստված փայտե նավ

Ինչպես հին ժամանակներում․ Հնդկաստանում բաց ծով է դուրս եկել ձեռքով պատրաստված փայտե նավ

Հնդկաստանի ռազմածովային ուժերի՝ ձեռքով պատրաստված փայտե INSV Kaundinya առագաստանավը ծովում 17 օր անցկացնելուց հետո չորեքշաբթի ժամանել է Օման․ գրում է BBC-ն։

INSV Kaundinya-ն սկսել է նավարկությունը Հնդկաստանի արևմտյան ափին գտնվող Պորբանդարից դեկտեմբերի 29-ին և ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ անցնելով հին ծովային ճանապարհով, որը հազարամյակներ շարունակ Հնդկաստանը կապել է աշխարհի հետ։

Նավը կոչվում է առասպելական հնդիկ ծովագնացի անունով, որն օվկիանոսով նավարկել է դեպի Հարավարևելյան Ասիա։ Այն կառուցվել է ավանդական տեխնիկայով․ փայտե տախտակներն իրար են ամրացվել կոկոսի մանրաթելից պատրաստված պարանով և բնական խեժով։ Նավը շարժիչ չունի և քամու օգնությամբ շարժվում է քառակուսի առագաստներով։

INSV Kaundinya-ն կառուցվել է առանց մեխերի կամ մետաղական ամրակների՝ մեթոդ, որը մի ժամանակ տարածված էր Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում։

Նավի դիզայնն արվել է Արևմտյան Հնդկաստանի Աջանտա քարանձավների որմնանկարում պատկերված 5-րդ դարի նավի նմանությամբ և համարվում է վաղ հնդկական ծովագնացության ապացույցներից մեկը։

«Նրա առագաստները պատկերում են Գանդաբհերունդայի (հինդուական Վիշնու աստծո կերպարանքը խորհրդանշող երկգլխանի թռչուն) և արևի մոտիվներ, նրա քթի վրա քանդակված է Սիմհա Յալի (հարավհնդկական միֆական արարած), իսկ տախտակամածը զարդարում է խորհրդանշական հարապպական ոճի քարե խարիսխ: Խորհրդանիշներից յուրաքանչյուրը հիշեցնում է հին Հնդկաստանի հարուստ ծովային ավանդույթները», – ասվում է Հնդկաստանի նավատորմի կայքում։

Նավի կառուցումը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Այն նավարկության է դուրս եկել 2025 թվականի փետրվարին Գոա նահանգում։

Դեռևս պարզ չէ, թե երբ նավը և նրա անձնակազմը կվերադառնան Հնդկաստան։

Ռազմագերիներ