
«Տխուր ձիուկ»․ Չինաստանի գործարաններից մեկում աշխատակցի սխալը մեծ հաջողություն է բերել ընկերությանը
Որպես չինական Նոր տարվա ուրախ թալիսման նախատեսված խաղալիք ձիուկն անսպասելիորեն մեծ տարածում է գտել․ գրում է China Daily-ն։
Սկզբնապես նախատեսված էր, որ չինական կենդանակերպի համաձայն՝ ձիու տարվա համար ստեղծված փափուկ խաղալիքը պետք է ունենար ուրախ ժպիտ՝ շրթունքներն ուղղված վեր։ Սակայն, Չժեցզյան նահանգի Իվու քաղաքի գործարանում արտադրական սխալի պատճառով ձիուկների բերանները կարվել են դեպի վար ուղղությամբ, ինչը նրանց հաղորդում է տխուր դեմք։
«Դա պարզապես աշխատակցի սխալի հետևանք է՝ բերանը կարվել է գլխիվայր», – ասել է գործարանի սեփականատեր Չժան Հուոցինը:
Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը, ստանալով խաղալիքը և տեսնելով, որ այն սխալ է կարված, կապ է հաստատել հաճախորդների սպասարկման ծառայության հետ՝ փոխարինում խնդրելու համար: Ձիուկի տխուր դեմքով լուսանկարները սոցցանցերում հրապարակելուց հետո փափուկ խաղալիքն անսպասելիորեն մեծ ճանաչում է ձեռք բերել:
Խաղալիքը համացանցի օգտատերերի կողմից ստացել է «լացող ձի» անվանումը։
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Իվուի գործարանը զարմանալի արագությամբ՝ գրեթե մեկ գիշերվա ընթացքում, կտրուկ փոխել է արտադրությունը։ Խաղալիքի արտադրության համար նախատեսված շարքերի թիվը գործարանում երկուսից հասել է ավելի քան 10-ի, իսկ աշխատակիցներն արհեստավարժորեն սկսել են վերարտադրել «տխուր» բերանի ձևը՝ թերություն, որից մի ժամանակ նրանք պետք է խուսափեին։
Սխալի համար պատասխանատու աշխատակցի ինքնությունը մնում է անհայտ։ Չժանն ասել է, որ ընկերությունը հավելավճար կշնորհի ամբողջ արտադրական թիմին՝ ի նշան խաղալիքի անսպասելի հաջողության մեջ նրանց դերի։


