
Հյուրասիրություն՝ երկու խոզ մորթելու դիմաց․ սոցցանցում օգնության խնդրանքը հազարավոր մարդկանց բերել է չինական գյուղ
Չինաստանում աղջիկը խոզ մորթելու համար սոցցանցերի օգտատերերի օգնությանն է դիմել․ գրում է BBC-ն։
Հասկանալով, որ չինական Նոր տարվա նախօրեին ավանդական համայնքային խնջույքի համար երկու խոզ մորթելու համար հայրը չափազանց ծեր է, Դայդայ անունով աղջիկը դիմել է սոցիալական ցանցերի օգնությանը։
«Կարո՞ղ է ինչ-որ մեկն ինձ օգնել։ Հայրս ծեր է, և ես անհանգստանում եմ, որ նա չի կարողանա ինքնուրույն մորթել այս խոզերին»,- անցյալ շաբաթվա վերջին Douyin-ի՝ TikTok-ի չինական տարբերակի ուղիղ եթերում ասել է Դայդայը։
Օգնության դիմաց՝ աղջիկը խոստացել է խոզի միս հյուրասիրել։
Սիչուանի և Չունցինի գյուղական համայնքներում մեծ համայնքային խնջույքները տեղական մշակույթի կարևոր մասն են կազմում։ Դրանք ներառում են եփած խոզի միս, գոլորշու վրա պատրաստված կողամիս, ապուր և տնական լիկյոր:
«Օգնեք ինձ, որ գյուղում կարողանամ գլուխս բարձր պահել», – ասել է Դայդայը։
Աղջկա օգնության կոչը ցոցցանցում հավանել է ավելի քան 1 միլիոն օգտատեր, իսկ արդեն իսկ իրական արձագանքը նման էր ֆիլմի տեսարանի․ խոզերին մորթելու համար մարդիկ հազարավոր մեքենաներով ժամանել են գյուղ։
Մեքենաների մեծ քանակի պատճառով Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին տանող ճանապարհները խցանվել էին։
Խոզերի մորթն ու դրան հաջորդած խնջույքն ուղիղ եթերում դիտել է ավելի քան 100.000 մարդ։ Տեսանյութը հավանել է 20 միլիոն օգտատեր, իսկ տեղական իշխանությունները դեպքն ընդունել են որպես զբոսաշրջության զարգացման հնարավորություն։
Գյուղ ժամանած մարդկանց թիվն այնքան շատ է եղել, որ երկու խոզի միսը չի բավականացրել բոլորին կերակրելու համար։ Տեղական իշխանությունն իր կողմից ավելի շատ խոզ է նվիրաբերել խնջույքի համար, իսկ փոքր ռեստորանները սպասարկել են այցելուներին բացօթյա տարածքում։
Ամբողջ գիշեր վառվող խարույկներով և երաժշտական նվագախմբի ուղեկցությամբ խնջույքը տևել է 2 օր։


