
Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության համար խոչընդոտ․ Զելենսկին պատասխանել է Թրամփին
Հունվարի 15-ի երեկոյան իր ելույթում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության համար խոչընդոտ։ Նա արձագանքել է Դոնալդ Թրամփի նախորդ օրվա հայտարարությանը, համաձայն որի Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման «գլխավոր խոչընդոտն» է․ գրում է meduza.io-ն։
Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որի ընթացքում նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի համար նախատեսված հակաօդային պաշտպանության համակարգերը և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական աշխատանքը։
«Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության համար խոչընդոտ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ ռուսական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և Ուկրաինան ոչնչացնելու փորձերը «հստակ ապացույց են», որ Մոսկվան չի ձգտում խաղաղության համաձայնագրերի։
Reuters-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է գործարքի»: «Կարծում եմ՝ Ուկրաինան ավելի քիչ է պատրաստ գործարքի»,- հավելել էր ԱՄՆ նախագահը: Երբ հարցրել են, թե որն է պատերազմի դադարեցման հիմնական խոչընդոտը, Թրամփը պատասխանել էր՝ «Զելենսկին»:


