
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին
Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակում այդ առևտուրը զարգացնելու կոչերին․ խորհրդարանում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ Հաքան Ֆիդանի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել որոշ լրատվամիջոցների կողմից և Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատրաստակամության ակնարկ չէր։
Հիշեցնենք․ Հաքան Ֆիդանը, մասնավորապես, ասել էր․ «Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են սպասվում, և դա ևս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայում հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Այս գործընթացում նրա ունեցած կառուցողական դերակատարմանն իսկապես աջակցում ենք։ Անհրաժեշտ է, որ այս գիծը և այս քաղաքական կամքը շարունակություն ունենան»։


