22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թամանյանի չկատարված ցանկությունը.  ինչպես Գեթսեմանի մատուռի վայրում կառուցվեց Օպերան

Թամանյանի չկատարված ցանկությունը. ինչպես Գեթսեմանի մատուռի վայրում կառուցվեց Օպերան

Հին Երևանի ամենանշանավոր եկեղեցիներից մեկը եղել է ներկայիս Օպերայի տարածքում՝ Գեթսեմանի մատուռ անունով: Այդ տեղում նախապես եղել է եկեղեցի, որը կառուցվել է 11-13-րդ կամ 12-13-րդ դարերի ընթացքում, սակայն 1679 թվականին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո այն ավերվել է, որի տեղում երկրաշարժից տարիներ անց կառուցվել է Գեթսեմանի մատուռը: Մատուռի մասին հետաքրքիր մանրամասներ ու հուշեր է ներկայացրել հայ բանաստեղծ և արձակագիր Էդուարդ Ավագյանը։ Նա, մասնավորապես, գրել է. 

«Հին Երևանի կենտրոնում՝ Շահարում, այգիներով ու պարտեզներով շրջապատված, մի փոքրիկ եկեղեցի կար՝ Գեթսեմանի մատուռը: Մատուռ են կոչել փոքր աղոթատեղերը, որոնք սովորաբար կառուցվում էին նահատակի կամ մարտիրոսի շիրիմի վրա: Ժամանակին նման մատուռ եղել է նաև Հովհաննես Կոզեռնի գերեզմանի վրա՝ Կոնդում: Ամենանոր արձանագրությունը, որ մնացել էր Գեթսեմանի մատուռի պատին, վկայում էր, որ եկեղեցին 1901 թ. վերանորոգել է Մելիք Աղամալյանը և թիթեղապատել երկթեք տանիքը…» (Ավագյան Է, «Երևանյան խճանկարներ», Երևան, 2004, էջ 158, 160):  

Մատուռը եղել է միանավ, թաղածածկ և անգմբեթ ճարտարապետական ոճով, իսկ պատերին եղած հիշատակությունները եղել են 17-րդ դարի վերջի: Կա տեսակետ, որ մատուռը կոչվել է Գեթսեմանի, քանի որ կառուցման ժամանակաշրջանում այդ տարածքում եղել են այգիներ:  1926 թվականին որոշում է կայացվում Երևանում կառուցել Ժողտունը՝ Օպերան: Այդ աշխատանքները հանձնարարվում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին: Օպերայի կառուցման վայրի ընտրության ժամանակ անհնար էր դառնում շրջանցել Գեթսեմանի մատուռը և Թամանյանը որոշում է տեղափոխել մատուռը այլ տեղ: 1929 թվականին մատուռը զգուշությամբ քանդվում է, քարերը համարակալվում են, որպեսզի այն վերակառուցվի այլ տեղում: Սակայն ֆինանսական, Գեթսեմանի մատուռի վերակառուցման նոր տեղի և մի շարք այլ հարցերի պատճառով մատուռն այդպես էլ չի վերակառուցվում և Թամանյանի ցանկությունը չի կատարվում: 

Տեսակետների համաձայն` մատուռի քարերի մի մասն օգտագործվել է Բայրոնի փողոցում Աշխատավորների տուն կառուցելու համար, քարերի մի մասը կորչում է: Գեթսեմանի մատուռից փրկված և պահպանված միակ քարը, որի վրա պատկերված են խաչեր,   այժմ գտնվում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:

Արա Զարգարյան

Ռազմագերիներ