24 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կյանքից հեռացավ «Մեր բակի»  «Համով Զառան». ո՞վ էր նա և ինչ ճանապարհ է անցել

Կյանքից հեռացավ «Մեր բակի»  «Համով Զառան». ո՞վ էր նա և ինչ ճանապարհ է անցել

Հայկական մեդիադաշտում տարիներ շարունակ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել լրագրող, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Զառա Արամյանը` հանրությանը հայտնի «Համով Զառան»։

Զառա Արամյանը ծնվել է Երևանում։ Մասնագիտական գործունեությունը սկսել է ռադիոյում՝ աշխատելով «Հայաստանի ձայնը» ռադիոկայանում, որտեղ ղեկավարել է ռուսալեզու բաժինը և վարել հեղինակային հաղորդումներ։ Հետագայում նրա գործունեությունը շարունակվել է հեռուստատեսությունում, որտեղ  հանդես է եկել տարբեր նախագծերով՝ դառնալով լայն լսարանի կողմից ճանաչված ու սիրված դեմք։

Ամենամեծ հանրային արձագանքը ստացել է նրա հեղինակային «Համով զրույց» հաղորդումը, որը տարիներ շարունակ եթերում է եղել տարբեր հարթակներում։ Հաղորդման ձևաչափը յուրահատուկ էր․ սոցիալական, մշակութային և երբեմն քաղաքական թեմաները ներկայացվում էին ազատ զրույցի մթնոլորտում՝ խոհարարական բաղադրիչի համադրությամբ։ Հենց այս մոտեցումն էլ Զառա Արամյանին դարձրեց հեռուստաեթերի ինքնատիպ կերպարներից մեկը։

Զառա Արամյանը հանդես է եկել նաև որպես դերասանուհի։ Նա նկարահանվել է մի շարք հայկական ֆիլմերում, այդ թվում՝ «Մեր բակը», «Մեր բակը 2» կինոնկարներում, ինչպես նաև ավելի ուշ՝ «Բարի լույս» ֆիլմում, որը արժանացել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակի։

Տասնամյակների ընթացքում նրա մասնակցությամբ իրականացվել է հարյուրավոր հեռուստատեսային նախագծեր։ Մեդիա և մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար Զառա Արամյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։

Զառա Արամյանը հայտնի է իր անմիջական ոճով, անկեղծ խոսքով և հանդիսատեսի հետ կենդանի կապ հաստատելու կարողությամբ։ Նրա գործունեությունը զգալի ազդեցություն է թողել հայկական հեռուստալրագրության և ժամանցային հաղորդումների ձևավորման վրա։

Զառա Արամյանը մահացել է այսօր՝ հունվարի 17-ին, 55 տարեկանում։

 

Ռազմագերիներ