
ԱՄՆ-ն կարծում է՝ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
ԱՄՆ-ն գործում է անպատժելիորեն, և կարծում է, որ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը։ Այս մասին BBC-ին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
BBC Radio 4-ի «Today» հաղորդաշարի եթերում Գուտերեշը նշել է, որ Վաշինգտոնի «հստակ համոզմունքն» այն է, որ բազմակողմ լուծումներն անտեղի են։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար «կարևորը Միացյալ Նահանգների ուժի և ազդեցության իրականացումն է»։
Գուտերեշը կարծում է, որ ՄԱԿ-ի հիմնադիր սկզբունքները, այդ թվում՝ անդամ պետությունների հավասարությունը, այժմ սպառնալիքի տակ են։
ՄԱԿ-ի ղեկավարի մեկնաբանությունները հնչել են Վենեսուելայի նախագահի գերեվարումից շաբաթներ անց, ինչպես նաև Գրենլանդիան բռնակցելու՝ Թրամփի վերջին սպառնալիքների համատեքստում։


