
Նոբելյան մրցանակ չստանալուց հետո «պարտավորված չեմ զգում» մտածել միայն ու միայն խաղաղության մասին․ Թրամփ
Դոնալդ Թրամփը նամակ է գրել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ նշելով, որ քանի որ իրեն չեն շնորհել Խաղաղության նոբելյան մրցանակ, նա այլևս «պարտավորված չի զգում» մտածել միայն խաղաղության մասին։
Նամակի տեքստը X-ի գրառման մեջ հրապարակել է PBS-ի թղթակից Նիկ Շիֆրինը:
«Հարգելի՛ Յոնաս, հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշեց չտալ ինձ Խաղաղության նոբելյան մրցանակ՝ 8 պատերազմ և ավելին կանխելու համար, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել միայն ու միայն խաղաղության մասին, չնայած այն միշտ առաջնային կլինի․ այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է Թրամփը։
Նա նշել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան Ռուսաստանից կամ Չինաստանից՝ շեշտելով, որ Դանիան Գրենլանդիայի համար «սեփականության իրավունք» չունի։
«Ես ՆԱՏՕ-ի համար ավելին եմ արել, քան որևէ այլ անձ՝ դրա հիմնադրումից ի վեր, և հիմա ՆԱՏՕ-ն պետք է ինչ-որ բան անի Միացյալ Նահանգների համար: Աշխարհն անվտանգ չի լինի, եթե մենք չունենանք լիակատար վերահսկողություն Գրենլանդիայի նկատմամբ»,- եզրափակել է Թրամփը:
Նշվում է, որ նամակն ուղարկվել է Վաշինգտոնում գտնվող մի քանի եվրոպացի դեսպանների:


