
ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում հասել է վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին
ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում նվազել է՝ հասնելով վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին, և այժմ կազմում է մոտ 40%։ Այս մասին հայտնում է The Kobeissi Letter վերլուծական ռեսուրսը։
«ԱՄՆ դոլարն այժմ կազմում է համաշխարհային արտարժույթի պահուստների մոտ 40%-ը՝ ամենացածր մակարդակն առնվազն 20 տարվա ընթացքում։ Վերջին 10 տարվա ընթացքում այս մասնաբաժինը նվազել է 18 տոկոսային կետով։ Նույն ժամանակահատվածում ոսկու մասնաբաժինն աճել է 12 տոկոսային կետով՝ հասնելով 28%-ի՝ ամենաբարձր մակարդակը 1990-ականների սկզբից ի վեր։ Ոսկին այժմ կազմում է համաշխարհային արտարժույթի պահուստների ավելի մեծ մասնաբաժին, քան եվրոն, իենը և ֆունտ ստերլինգը միասին վերցրած», – նշել են վերլուծաբանները։
The Kobeissi Letter-ի համաձայն՝ սա տեղի է ունենում, քանի որ կենտրոնական բանկերը դիվերսիֆիկացնում են իրենց ակտիվները՝ փորձելով հեռանալ ԱՄՆ դոլարից՝ միաժամանակ արագորեն կուտակելով ոսկի իրենց պահոցներում։ Արդյունքում՝ ոսկու գինը 2025 թվականին աճել է 65%-ով՝ 1979 թվականից ի վեր ամենամեծ տարեկան աճը, մինչդեռ ԱՄՆ դոլարի ինդեքսը նվազել է 9.4%-ով՝ գրանցելով 8 տարվա ընթացքում իր ամենավատ տարեկան ցուցանիշը։


