
Հայաստանի հետ ռազմավարական օրակարգի շուրջ համատեղ հայտարարությունը կապերի հետագա սերտացման հիմքն է. Գերմանիայի դեսպանի հարցազրույցը
Հայաստանն ու Գերմանիան, ստորագրելով ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, դրել են երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման հիմքը․ այդ փաստաթուղթը ոչ միայն Երևանի ու Բեռլինի ձեռքբերումների գրավոր արձանագրումն է, այլ նաև ապագայի կողմնացույցը։
Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը՝ խոսելով Հայաստան-Գերմանիա հարաբերությունների ներկա մակարդակի, դրանց զարգացման հեռանկարների, Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումների և դրանց շուրջ Բեռլինի դիրքորոշումների ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Դեսպանը, անդրադարձ կատարելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ այժմ վճռորոշ նշանակություն ունի, որ Երևանն ու Բաքուն շարունակեն մնացյալ քայլերն անել խաղաղ ճանապարհով, և որ դեռևս բաց հարցերը հնարավոր լինի լուծել բարեկամաբար։ Դեսպանը նաև ընդգծել է, որ տասնամյակներ անց առաջին անգամ տևական խաղաղությունը գտնվում է այսպես կոչված «հասանելիության սահմաններում», և Գերմանիան կշարունակի իր աջակցությունը երկու կողմերին՝ խաղաղության իրագործման ճանապարհին։
–Տիկին դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ներկա քաղաքական մակարդակը և ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեիք այս առումով։
-Անշուշտ, տարեմուտը ճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու անցյալ տարվա ձեռքբերումներին և 2026 թվականի մեր սպասելիքներին։ Մեծ ուրախությամբ եմ նկատում, որ մեր երկրները վերջին ամիսներին զգալիորեն խորացրել են իրենց հարաբերությունները քաղաքական մակարդակում, ինչպես նաև այլ ռազմավարական ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, միջմարդկային շփումները։
2025 թվականի մարտ ամսին մենք ականատես եղանք Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ որպես նախագահ Հայաստան կատարած առաջին պատմական այցին, իսկ դեկտեմբերին ականատես եղանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բեռլին և Համբուրգ կատարած արդյունավետ այցին։ Երկկողմ հարաբերություններում այս երկու կարևորագույն բարձրակետերից զատ՝ ես աճող հետաքրքրություն եմ նկատում երկու կողմերում՝ առկա համագործակցությունը հանրային կառավարման և արդարադատության բարեփոխման, էներգետիկ անվտանգության և փոխակերպման, ի շահ որակյալ աշխատուժի՝ կրթությունը գործարար կարիքներին կապակցելու, Գերմանիայի մշակույթը, գերմաներենի իմացությունը և Գերմանիայում ուսանելը խթանելու ոլորտներում առավել խորացնելու ուղղությամբ։
Հայաստանի կառավարության և նրա կառույցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների և քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցությունը հիմնված է վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Նվիրվածությունն ու լավատեսությունը նպաստում են առաջընթացին և բացում են նոր հեռանկարներ։ Ըստ իս՝ կարևոր է, որ երկկողմ հարաբերությունները խորացնելուն ուղղված մեր համատեղ ջանքերը շարունակեն համապատասխանել Հայաստանի կարիքներին և ուղիղ դրական ազդեցություն ունենան Հայաստանում ապրող մարդկանց կյանքի վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


