
ԱՄՆ ներգաղթի ծառայողները կիսամերկ տղամարդուն քարշ են տվել ձյան մեջ
Մինեսոտայի մի բնակիչ երկուշաբթի Reuters-ին ասել է, որ վախ, ամոթ և հուսահատություն է զգացել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) զինված աշխատակիցները կոտրել են իր տան դուռը, ձեռնաշղթաներ հագցրել և անդրավարտիքով ու Crocs կոշիկներով քարշ տվել ձյան մեջ։
Հիսունվեցամյա Չոնգ Լի Տհաոյին, որը ծնունդով Լաոսից է, սակայն ունի ԱՄՆ քաղաքացիություն, ծառայության աշխատակիցները կիրակի ավելի ուշ վերադարձրել են տուն՝ առանց բացատրության կամ ներողության:
«Ես աղոթում էի։ Ասում էի. «Աստված իմ, խնդրում եմ օգնիր ինձ, ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ինչո՞ւ են նրանք այսպես վարվում ինձ հետ․ առանց հագուստի», – պատմել է տղամարդը:
Նշվում է, որ միջադեպի լուսանկարները, որոնցում տղամարդը կիսամերկ է և վերմակով ծածկված, տարածվել են սոցիալական ցանցերում՝ ավելի խորացնելով մտահոգությունը, որ ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցները գերազանցում են իրենց լիազորությունները։
Հիշեցնենք, որ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի դեմ պայքարի միջոցառումների մաս, Մինեապոլիսում տեղակայվել է մոտ 3000 իրավապահ։
Դեպքի առնչությամբ՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, սակայն, հայտնել է, որ սպաները հետաքննում են տվյալ հասցեում բնակվող երկու դատապարտված սեռական հանցագործների, և որ այնտեղ բնակվող ԱՄՆ քաղաքացին հրաժարվել է մատնահետքեր տալուց կամ դեմքի նույնականացումից․ ուստի նրան ձերբակալել են։


