
«Արևմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար․ Սարգիս Խանդանյան
«Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի կիրառումն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, ասում, որ որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև․ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշել է, որ որոշ առումով այդ խոսույթը մեղմվել է։
«Պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը»,- ասել է Խանդանյանը
Անդրադառնալով Ազգային հետախուզական ծառայության հրապարակած զեկույցին և դրանում տեղ գտած մտահոգություններին՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի առաջացրած ռիսկերի մասին՝ Խանդանյանը նշել է, որ դա ամբողջ տարվա զեկույցն էր, նախորդ տարվա տարբեր դրվագներում է այդ խոսույթն ակտիվ եղել։
«Խաղաղությունը գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ, մենք շատ ենք խոսում օգոստոսի 8-ի մասին և օգոստոսի 8-ի բերած օգուտների մասին, բայց դա պրոցես է, որը շենքի պես պիտի կառուցվի՝ քար առ քար, այդ թվում՝ համապատասխանեցնելով մեր խոսույթը այն իրողություններին և այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,- ասել է Խանդանյանը։
Պատգամավորը նշել է, որ ադրբեջանցիների վերադարձի խոսակցությունը Հայաստանի իշխանությունը չի էլ քննարկի՝ հատկապես այն շեշտադրումներով, որոնցով տևական ժամանակ խոսել է Ադրբեջանը։
Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանը ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, սկսել են որոշակի առևտրաշրջանառություն, ուստի կարծում է, որ ԱՀԾ զեկույցը 2026-ին այլ տեսք կունենա։


