
Մեծ Բրիտանիայի կողմից Չագոս կղզիների ինքնիշխանության հանձնումը մեծ հիմարություն է․ Թրամփը բացահայտել է Գրենլանդիան նվաճելու պատճառներից մեկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի կողմից Չագոս կղզիների ինքնիշխանությունը Մավրիկիոսի Հանրապետությանը հանձնելու ծրագիրն անվանել է «մեծ հիմարություն»․ գրում է BBC-ն։
Թրամփի խոսքով՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն սահմանելու ցանկության պատճառներից մեկը Մեծ Բրիտանիայի և Մավրիկիոսի միջև գործարքն է, որի համաձայն Միացյալ Թագավորությունը տարածք կվարձակալի կղզում և այնտեղ կունենա ռազմաբազա՝ միաժամանակ հանձնելով կղզու ինքնիշխանությունը։
«Ցնցող կերպով ՆԱՏՕ-ի մեր «փայլուն» դաշնակիցը՝ Միացյալ Թագավորությունը, ներկայում պլանավորում է Դիեգո Գարսիա կղզին՝ կենսականորեն կարևոր ամերիկյան ռազմաբազայի վայրը, հանձնել Մավրիկիոսին, և դա անել ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌԻ», – ասել է Թրամփը Truth Social-ի գրառման մեջ։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան Չագոս կղզիները փոխանցում է Մավրիկիոսին՝ 1960-ական թվականներից ի վեր տևած երկարատև իրավական և դիվանագիտական ճնշման պատճառով: Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մայիսին: Ըստ համաձայնագրի՝ Մավրիկիոսը ստանում է ամբողջ կղզեխմբի գերիշխանությունը, սակայն Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կշարունակեն շահագործել Դիեգո Գարսիա կղզում գտնվող ռազմական բազան՝ առնվազն 99 տարի վարձակալության պայմանագրով։
Թրամփի վարչակազմը նախկինում հանդես է եկել հաջակցություն գործարքի. մայիսին պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն անվանել է «հսկայական նվաճում»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բրիտանա-ամերիկյան ռազմաբազայի 99-ամյա վարձակալությունը, ինքնիշխանության հանձնումից հետո, Մեծ Բրիտանիային կարժենա տարեկան 101 միլիոն ֆունտ ստեռլինգ։


